8 ապրիլի 2010 - 19:37 AMT
Տարեսկիզբն անբարենպաստ էր լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների առումով

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացրել է 2010թ. հունվար-մարտ ամիսների “Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին” զեկույցը:

Ըստ զեկույցի, 2010 թվականի առաջին եռամսյակը, ի տարբերություն 2009-ի հունվար, փետրվար, մարտ ամիսների, ճնշումների, հատկապես՝ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների առումով, ավելի անբարենպաստ էր: Սա պայմանավորված էր հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ՀՀ ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություներով, որին իբրև թեկնածու մասնակցում էր նաեւ ներկայումս կալանքի տակ գտնվող Նիկոլ Փաշինյանը՝ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրը:

Զեկույցի համաձայն, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերն ավելցել են 2-ով` 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ավելացել են նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները` նախկին 2-ից հասնելով 6-ի: Կիսով չափ նվազել են ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների վրա ճնշումները: Եթե անցյալ տարի նման դեպքերը 8-ն էին, ապա այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է նման 4 խախտում:

Զեկույցը պատրաստվել է Բաց հասարակության ինստիտուտի Օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի եւ Նիդերլանդների կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում: