9 ապրիլի 2010 - 14:12 AMT
Իջևանում բացվել է ժամանակակից բժշկական կենտրոն

Ժամանակակից բժշկական կենտրոնը բացվել է ապրիլի 9-ին Իջևանում Համաշխարհային բանկի “Առողջապահության համակարգի արդիականացում” ծրագրի շրջանակներում”: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Տավուշի մարզից, վերանորոգման աշխատանքները բժշկական կենտրոնում սկսվել են 2008թ. մայիսին և ավարտվել են 2010թ. մարտին: 70-տեղանոց հիվանդանոցի վերանորոգման և վերազինման համար ծախսվել է 2 մլն 369 հազար դոլար:

Բացման արարողությանը ներկա են եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:

Ըստ Հ.Քուշկյանի, “Իջևան” բժշկական կենտրոնի բացումը կարևոր իրադարձություն է առողջապահության համակարգի զարգացման առումով: Ինչպես ասել է նախարարը, կենտրոնում կաշխատեն մայրաքաղաքի լավագույն մասնագետները: Բացի այդ, “Հեռուստաբժշկություն” համակարգի օգնությամբ տեսահեռուստակապի միջոցով շուրջօրյա կապ կհաստատվի Երևանի “Էրեբունի” և “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” կենտրոնների հետ: Նաև, ըստ նախարարի, մեկ տարվա ընթացքում ժամանակակից բժշկական կենտրոններ կբացվեն նաև Արարատի մարզում և Ապարան, Գորիս ու Գավառ քաղաքներում: