9 ապրիլի 2010 - 15:56 AMT
Հայաստանի և Թուրքիայի ՈԿԿ-ները կոչ են անում երկու երկրներին կարգավորել հարաբերությունները

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) Հաայստանի և Թուրքիայի անդամ կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կոչ են արել երկու երկրների իշխանություններին և հասարակությանն ապահովել այնպիսի միջավայր և գործընթացներ, որոնք թույլ կտան հատուցել անցյալում տեղի ունեցած մարդու իրավունքների ոտնահարումների, այդ թվում` ազգության, կրոնի և այլ հիմքերով խտրականության համար:

“Տարածաշրջանում մարդու իրավունքների հարգանքն ապահովելու նպատակով հայցում ենք խոսքի ազատություն բոլոր երկրներում և առաջարկում ենք հրաժարվել բոլոր այն օրենքներից և գործողություններից, որոնք սահմանափակում են խոսքի ազատությունը, մասնավորապես` հայ-թուրքական երկխոսությունը խոչընդոտող Թուրքիայի ՔՕ 301 հոդվածը”,- ասվում է հայտարարության մեջ:

Կողմերը հորդորում են Թուրքիայի և Հայաստանի իշխող և ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին կատարել իրենց պարտքը և ձեռնարկել երկու պետությունների և հասարակությունների միջև հարաբերությունները կարգավորելուն ուղղված անհրաժեշտ քայլեր, մասնավորապես` իրականացնելով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները բացելու վերաբերյալ երկկողմանի արձանագրությունը:

“Այս ուղղությամբ առաջընթացը և Թուրքիայում ժողովրդավարական ձևափոխումների գործընթացը բարենպաստ միջավայր կձևավորեն Հայոց ցեղասպանության ցավալի խնդրին անդրադառնալու համար”,- ասվում է հայտարարության մեջ:

Կողմերը դատապարտել են տարածաշրջանի այլ երկրների մի քանի կառույցների ռազմատենչ հայտարարությունները:

“Երկու հասարակությունների միջև կամուրջ ստեղծելու համար մենք կոչ ենք անում Հայաստանին և Թուրքիային իրականացնել համատեղ քաղաքականություն և հրաժարվել սահմանափակ մոտեցումներից կյանքի բոլոր ոլորտներում”,- նշվում է հայտարարության մեջ: