9 ապրիլի 2010 - 17:53 AMT
Սերժ Սարգսյան. Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին մեր ձեռքերում է

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ եղել եւ լինելու է: Այդ մասին լրագրողներին Տավուշի մարզում հայտնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը առկա կլինի այնքան ժամանակ, մինչեւ որ տարածաշրջանում կայունություն հաստատվի: Ընդ որում, նա նկատեց, որ հայ ժողովրդի մոտ պատերազմի վտանգն ավելի առարկայական է դառնում երկու դեպքում` երբ Ադրբեջանը, չունենալով խնդիրը լուծելու այլ միջոց, սկսում է հանդես գալ ռազմատենչ հայտարարություններով, եւ երբ ներքին քաղաքական ուժերը սկսում են շահարկել այդ հարցը: "Ես չեմ հասկանում, թե ինչի վրա է հիմնվում Բաքուն, նման հայտարարություններ անելով, քանի որ չեմ տեսնում նրա առավելությունը մեր նկատմամբ",- նշեց Սերժ Սարգսյանը` ավելացնելով, որ մոտ ժամանակներս պատերազմի վերսկսման սպառնալիք չի տեսնում:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ներկայիս բանակցային գործընթացին` Հայաստանի նախագահն այն գնահատեց որպես "նորմալ": "Ես արդեն բազմիցս հայտարարել եմ, որ ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին մեր ձեռքերում է",- ասաց Սերժ Սարգսյանը` ավելացնելով, որ եթե լուծվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը, ապա մյուս հարցերի լուծումը շատ ավելի հեշտ կլինի: