9 ապրիլի 2010 - 17:55 AMT
Խորհրդարանականները գնահատեցին Սերժ Սարգսյանի երկամյա նախագահությունը

>

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունից երկու տարի անց երկրում որևէ դրական տեղաշարժ չի գրանցվել: Այս մասին ՀՀ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասել է “Ժառանգություն” կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը;

Նա իր դիրքորոշումը բացատրել է այն բանով, որ “մինչ օրս չեն բացահայտվել 2008 թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի ժամանակ զոհված 10 մարդու մահվան մեղավորները, ազատված չեն քաղբանտարկյալները, իսկ երկրի դատական համակարգը շարունակում է քաղաքական պատվերներ կատարել”:

“Օրինաց երկիր” կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն, իր հերթին, նշել է, որ Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում Հայաստանի ներքաղաքական լարվածությունը, որ մարտիմեկյան իրադարձություններով էր պայմանավորված, էականորեն թուլացել է; “Իսկ արտաքին քաղաքական տեսանկյունից Հայաստանը այնպիսի առաջընթաց է գրանցել, որ չի եղել անկախության հռչակման օրվանից ի վեր”, - ընդգծել է նա:

“Ներքաղաքական լարվածությունը երկրում վերջին երկու տարիների ընթացքում էականորեն նվազել է, սակայն ոչ թե ղեկավարության ջանքերի շնորհիվ, այլ տիրող իրականության հանդեպ Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքի շնորհիվ”, - ասել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ներքաղաքական համեմատաբար կայուն իրավիճակին հակառակ, Մինասյանի կարծիքով, արտաքին քաղաքականության մեջ ծայրաստիճան լարվածություն է տիրում, որը պայմանավորված է ՀՀ նախագահի նախաձեռնողական քաղաքականությամբ: “Արտաքին քաղաքականության մեջ տիրող լարված իրավիճակը կարող է բացասականորեն ազդել ՀՀ ներքին իրավիճակի վրա”, - ասել է նա;

“Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ ներքին քաղաքական լարվածությունը երկու տարվա ընթացքում նկատելիորեն թուլացել է: “Նախագահը մեծ ներդրում ունի, քանի որ առավել կարևոր հարցերը լայն հասարակական քննարկման են դրվում ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում”, - ասել է նա;

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել է, որ Ս.Սարգսյանի նախագահության ժամանակաշրջանում Հայաստանի դիրքերն արտաքին քաղաքականության բնագավառում ամրապնդվել են: “Վերջին ժամանակներում միջազգային բոլոր համաժողովներում քննարկվել են Հայաստանին վերաբերող հարցեր: Այսինքն` միջազգային կազմակերպություններն արդեն ըմբռնում են ՀՀ հիմնախնդիրները”, - ընդգծել է նա: