9 ապրիլի 2010 - 18:06 AMT
Արմեն Մազմանյանն անհրաժեշտ է համարում եկեղեցու կառուցումը “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում

“Ես անհրաժետ եմ համարում եկեղեցու կառուցումը “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում: Գովաբանվող դահլիճը 60-ամյա պատմություն ունի և իմ մանկական հուշերը ինչ-որ չափով կապված են նաեւ նրա հետ, սակայն այն ճարտարապետական արժեք չի ներկայացնում: Իրականում այն զուրկ է ակուստիկայից, չի ծառայում իր նպատակին”,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշել է ռեժիսոր, “Գոյ” թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանը:

Նա ընդգծել է, որ չի կարողանում հասկանալ, թե ինչու համազգային կարևորություն ստացավ “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճը պահպանելու հարցը: “Ինձ շատ է զարմացնում ճարտարապետների ակտիվությունն այս հարցում. քանի որ նրանք լռում էին, երբ քանդում էին հին Երևանի երկհարկանի շենքերը: Այն ժամանակ վճռորոշ դեր էին կատարում օլիգարխները, այժմ` Հայ Առաքելական եկեղեցին: Չէին ուզում դեմ դուրս գալ օլիգարխներին, իսկ եկեղեցուն ընդդիմանալը դժվար չէ”,- իր կարծիքն է հնչեցրել Արմեն Մազմանյանը:

Նրա խոսքերով, խորհրդայնացման տարիներին Երևանում քանդվել է 38 եկեղեցի և այսօր լավ կլիներ եկեղեցու նախկին վայրում, նույնիսկ կինոթատրոնը քանդելու գնով, գոնե մատուռ կառուցել: