9 ապրիլի 2010 - 20:45 AMT
Սերժ Սարգսյան. Ռոբերտ Քոչարյանը միշտ քաղաքականության մեջ է մնացել

"Համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասաբար է անդրադարձել մեր երկրի տնտեսության վրա, և մենք ստիպված էինք մի կողմից դիմակայել տնտեսական անկմանը, իսկ մյուս կողմից այնպես անել, որպեսզի ճգնաժամը շատ ուժեղ ազդեցություն չունենա հայ հասարակության վրա",- ՀՀ Տավուշի մարզում լրագրողներին հայտնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, ՀՀ կառավարությանը հաջողվեց դիմակայել ճգնաժամին: "Այսօր մենք վերականգնողական փուլում ենք գտնվում",- ասաց Սերժ Սարգսյանը` ավելացնելով, որ 3 ամսվա ընթացքում երկրի տնտեսությունը 3,1%-անոց տնտեսական աճ է արձանագրել:

Մեկնաբանելով ասեկոսեներն այն մասին, որ ՀՀ ղեկավարությունը մտադիր է փոխել կառավարության կազմը` սկսած վարչապետից, Հայաստանի նախագահն ասաց, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Անդրադառնալով Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձին քաղաքականություն` Սերժ Սարգսյանն ասաց, որ ՀՀ նախկին նախագահը միշտ քաղաքականության մեջ է մնացել: Ընդ որում, նա տարօրինակ համարեց որոշ քաղաքական շրջանակների ուշադրությունը Ռոբերտ Քոչարյանի գործողությունների հանդեպ: