12 ապրիլի 2010 - 12:30 AMT
Հայաստանի հավաքականը Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում 19 մեդալ է նվաճել

Մինսկում (Բելառուս) ապրիլի 11-ին ավարտվել է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Առաջնության վերջին օրը 105 և +105 քաշային կարգերում ելույթ են ունեցել հայ ծանրորդներ Արթուր Բաբայանը և Ռուբեն Ալեքսանյանը:

Ռուբեն Ալեքսանյանը “պոկում” վարժությունում բարձրացրել է 195 կգ և նվաճել փոքր արծաթե մեդալ: Առաջին վարժությունից հետո Ալեքսանյանը զիջել է առաջատար Եվգենի Չիգիշևին (Ռուսաստան) 10 կգ-ով: “Հրում” վարժությունում հայ ծանրորդը բարձրացրել է 237 կգ` Չիգիշևից 2 կգ ավել: Նրան երկամարտում հաղթելու համար Ալեքսանյանը 9 կգ հավելյալ քաշ պատվիրեց, բայց չկարողացավ օգտագործել իր երկու մոտեցումները և 432 կգ-ով դարձավ արծաթե մեդալակիր: “Հրում” վարժությունում Ալեքսանյանը նվաճեց փոքր ոսկի, Եվրոպայի չեմպիոն դարձավ Եվգենի Չիգիշևը (440 կգ):

Արթուր Բաբայանը (105 ք/կ) երկամարտի արդյունքում հավաքել է 394 կգ և զբաղեցրել 5 –րդ տեղը:

Եվրոպայի առաջնությունում 8 հայ ծանրորդներից 7-ը նվաճել են մեդալներ: Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականն ունի 19 մեդալ` 7 ոսկե, 8 արծաթե, 4 բրոնզե և զբաղեցնում է 4-րդ տեղը: