12 ապրիլի 2010 - 13:41 AMT
Ասկերանի խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցումն ու կոյուղու համակարգի վերանորոգումն իրականցնում է “Հայաստան հիմնադրամը”

“Հայաստան” համահայկական հիմնադրամը մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերան քաղաքի խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցումն ու կոյուղու համակարգի վերանորոգումը: Ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Առաջնահերթ խնդիրների մասին խոսելիս` Ասկերանի քաղաքաշինության եւ վերաբնակեցման բաժնի պետ Ալբերտ Ավանեսյանն առանձնացրեց խմելու ջրի հարցը. ջուրը բնակչին հասնում է հին ու ժանգոտ խողովակներով եւ մեծ կորուստներով: Դրան գումարվում է կոյուղու վատթար վիճակը, ինչի պայմաններում վարակիչ հիվանդություններն անխուսափելի են: Մտահոգիչ խնդիրների շարքում նշվեց նաեւ շրջանում ամուսնությունների թվի պակասը, ինչը Ալբերտ Ավանեսյանը բացատրեց բնակարանային սուղ պայմաններով:

Արդեն պատրաստ է ջրամատակարարման ներքին ցանցի գետնուղին (5764մ), ընթացքում են խողովակների մոնտաժման աշխատանքները: Բադարա գետի երկայնքով կկառուցվեն պատնեշ (50 մ երկարությամբ)` ափերի հնարավոր փլուզումը կանխելու նպատակով եւ ջրի մաքրման համար նախատեսված պարզարան: Կնորոգվեն 2 ջրամբարները (ընդհանուր 1000 մ3 տարողությամբ) եւ կոյուղագիծը (1305 մ երկարությամբ), - տեղեկացնում է Հայաստան հիմնադրամի մամլո ծառայությունը:

“Ջրի հարցը Հայաստանում ու Արցախում շարունակում է մնալ հրատապ լուծում պահանջող խնդիր, իսկ դրա ապահովումը` Հիմնադրամի առաջնահերթ ուղղություններից մեկը: Շնորհակալ ենք, որ եվրոպաբնակ մեր հայրենակիցները Հեռախոսամարաթոն 2009-ին կատարած իրենց առատաձեռն նվիրատվություններով նպաստեցին այս ծրագրի իրականացմանը”,- ասում է “Հայաստան” համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Ավարտին են մոտենում Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ իրականացվող Մարտունու շրջանի Սոս գյուղի խմելու ջրի ներքին ցանցի, Ճարտարի դպրոցի ու Գորիսի սրտաբանական կենտրոնի կառուցման աշխատանքները: Առաջիկա ամիսների ընթացքում կմեկնարկեն Շուշիի Մուրացանի անվան դպրոցի հիմնանորոգման, Տավուշի մարզի Այգեհովիտ-Վազաշեն ոռոգման համակարգերի վերակառուցման ծրագրերը: