12 ապրիլի 2010 - 16:57 AMT
ՀՌԱԿ-ն առաջարկում է ժխտողականությունը քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենք ընդունել

Ռամկավար-Ազատական կուսակցությունն առաջարկում է Հայաստանի ղեկավարությանը կոնկրետ քայլեր ձեռնարկել, որոնց իրականացումը թույլ կտա շտկել բոլո բացթողումները, որ գրանցվել են Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:

Ինչպես մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը, Հայաստանի կառավարությունը պետք է կազմի 1915-1923թթ. Հայոց Մեծ Եղեռնի վնասների փոխհատուցման, միջազգային իրավունքի հիման վրա հստակ ձեւակերպված Հայոց Պահանջատիրության ծրագիր: “Բացի այդ, կառավարությունը պետք է կազմի 1988-1994թթ. Ադրբեջանի տարածքում Հայ Ժողովրդի հանդեպ իրականացրած Ցեղասպանության վնասների փոխհատուցման, միջազգային իրավունքի հիման վրա հստակ ձեւակերպված Հայոց Պահանջատիրության ծրագիր”,-ասել է Հ.Առաքելյանը:

Նրա խոսքերով, քանի դեռ վերը թվարկած քայլերը չեն իրականացվել, միջազգային հանրության կողմից կշարունակվեն տարատեսակ ու բազմաբնույթ ճնշումները Հայաստանի Հանրապետության հանդեպ: “Հայերի հանդեպ իրականացրած ցեղասպանության փաստի ճանաչումը տարբեր պետությունների կողմից մեզ տալիս է բարոյական հաղթանակներ, այլ ոչ իրավական, հետեւաբար միջպետական խնդիրների լուծումը վաղուց գտնվում է միջազգային դատարանների տիրույթում` ՄԱԿ-ի Կանոնադրության 33-րդ հոդվածի համապատասխան”,-ասել է Առաքելյանը: