13 ապրիլի 2010 - 13:10 AMT
Էրդողան. Թուրքիայի խորհրդարանը դեռևս պատրաստ չէ վավերացնել Արձանագրությունները

Վաշինգտոնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որը տևել է մեկ ժամից ավելի, ընթացել է բավական սառը մթնոլորտում: Ինչպես գրում է թուրքական Sabah թերթը, Թուրքիայի վարչապետը հաստատել է Անկարայի հավատարմությունը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու և Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հարցում` ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունների համաձայն: “Մենք հավատարիմ ենք մնում Արձանագրությունների հետ կապված խոստումներին”,- նշել է Էրդողանն, ավելացնելով, որ դեռևս փաստաթղթերի վավերացման համար համապատասխան քաղաքական հիմքեր չկան, և որ Թուրքիայի խորհրդարանը դեռ պատրաստ չէ վավերացնել Արձանագրությունները:

“Հաշվի առնելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի և Շվեդիայի խորհրդարանի վերջին գործողությունները` Արձանագրությունները ձախողվելու են, եթե դրանք հիմա մտնեն թուրքական խորհրդարանի օրակարգ”,- ասել է Թուրքիայի վարչապետը:

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը “23” կողմ և “22” դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը: Պրոֆիլային հանձնաժողովի քվեարկությունից հետո բանաձևն ուղորդվելու է Ներկայացուցիչների պալատ:

Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը 131 “կողմ” և 130 “դեմ” ձայների հարաբերակցությամբ ճանաչեց Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ասորիների, սիրիացիների/քաղքեդոնացիների և Պոնտոսի հույների ցեղասպանությունները: