13 ապրիլի 2010 - 13:12 AMT
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է DTP-ի նախկին ղեկավարի վրա հարձակում գործած անձանց

Թուրքական Սամսուն քաղաքում ապրիլի 12-ին հարձակում է իրականացվել “Ժողովրդավարական հասարակություն” (DTP) կուսակցության նախկին ղեկավար Ահմեդ Թյուրքի վրա: Ինչպես գրում է թուրքական Today’s Zaman թերթը, հարձակումից անմիջապես հետո քաղաքական գործչին հոսպիտալացրել են: DTP-ի պատգամավոր Սիրրի Սակիկը, որն ուղեկցում էր Ահմեդ Թյուրքին, ոստիկանությանը մեղադրել է անգործության մեջ: Նա հայտնել է, որ Թյուրքի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Պատգամավորը չի բացառել, որ այդ հարձակման հետևում կարող են կանգնած լինել Թուրքիայի ազգայնական ուժերը: Ոստիկանությունն արդեն հայտարարել է Ահմեդ Թյուրքի վրա հարձակման գործով երկու հոգու ձերբակալության մասին:

Քրդամետ “Ժողովրդավարական հասարակություն” կուսակցությունն արգելված էր Թուրքիայում երկրի Սահմանադրական դատարանի որոշման համաձայն: Թուրքական ՍԴ որոշմամբ կուսակցությունը կապ է ունեցել օրենքից դուրս հայտարարված Քրդական աշխատանքային կուսակցության հետ: