Զառա Պետրոսյան. “Մայիս ամիսը Հայաստանում կլինի տաք և չորային”

PanARMENIAN.Net - “Տաք ձմռանից հետո մենք հետևում ենք գարնան եղանակին, որի տեղումներն ու ջերմաստիճանը նորմայի սահմաններում է”, - ապրիլի 13-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայպետհիդրոմետի օպերատիվ ծառայության պետի տեղակալ Զառա Պետրոսյանը:

Նրա խոսքերի համաձայն, վերջին ժամանակներում նկատվող առատ տեղումներն ու ցածր ջերմաստիճանը Հայաստանի գարնան համար նորմալ երևույթ է: Նա նաև ավելացրել է, որ այսօր երեկոյան նույնպես առատ տեղումներ և ջերմաստիճանի նվազում է սպասվում մի քանի աստիճանով. Հայաստանի լեռնային շրջաններում ջերմաստիճանը կնվազի մինչև -2 +2 աստիճան, իսկ Արարատյան դաշտավայրում` մինչև 3-4 աստիճան ջերմության:

Ապրիլի լույս 14-ի գիշերը երկինքը պարզ կլինի, իսկ վաղվանից սկսած կնկատվի ջերմաստիճանի տաքացում: “Մոտավորապես 4 օր հետո լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կբարձրանա` հասնելով մինչև 15-17 աստիճան տաքության, իսկ Արարատյան դաշտավայրում` մինչև 23-24 աստիճան տաքության “, - ընդգծել է օպերատիվ ծառայության պետի տեղակալը` ավելացնելով, սակայն, որ տաք հագուստը դեռ պահել պետք չէ, քանի որ բնությունից ամեն ինչ կարելի է սպասել:

“Մայիսն ամենաանձրևոտ ամիսն է, սակայն այս տարի մայիսին նորմայից ավելի քիչ տեղումներ են սպասվում, իսկ ջերմաստիճանը նորմայից 1 աստիճան բարձր է լինելու: Այսպիսի եղանակ է սպասվում նաև ընթացիկ տարվա ամռանը, բացառությամբ` օգոստոսի, երբ ջերմաստիճանը նորմայից մի քիչ ցածր կլինի”, - հաղորդել է Զառա Պետրոսյանը:

Նա նաև նշել է, որ երկրում վարարումների վտանգ ևս չի լինի: “Հնարավոր է, մի քիչ Արաքսի մակարդակը բարձրանա, սակայն այս դեպքում հնարավոր վտանգից մեկ շաբաթ առաջ Հայպետհիդրոմետը հարող տարածքի բնակչությանը տեղյակ կպահի”:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---