Ռուսաստանի ջավախահայ համայնքը կոչ է անում վրաց քաղաքագետներին` կանգնել հայ ժողովրդի կողքին

Ռուսաստանի ջավախահայ համայնքը կոչ է անում վրաց քաղաքագետներին` կանգնել հայ ժողովրդի կողքին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ջավախահայերի համայնքը ուղերձով դիմել է Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների ղեկավարներին` մոտեցող Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. “Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը: 1915 թ. ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունը սկսեց հայերի զանգվածային ոչնչացում իրականացնել: 1915-1923 թթ. կոտորածի զոհ դարձավ 1,5 մլն մարդ, իսկ հարյուր հազարավոր հայեր ստիպված լքեցին իրենց հողերն ու տարագիր դարձան:

Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին լայնամասշտաբ հանցագործությունն էր` ուղղված էթնիկ պատկանելության մեկ ժողովրդի դեմ: Թուրքական կայսերական կառավարության իրականացրած գործողությունները համապատասխանում են ցեղասպանություն հանցագործությանը և ենթակա է միջազգային իրավունքի մեջ իր տեղը որոշելու:

Վրաստանի ներկա իշխանություններն արհամարհում են հայերի բազմաթիվ խնդրանքները` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին, իսկ Թուրքիան ժխտում է ցեղասպանության փաստը և խեղաթյուրում իրականությունը: Մենք բազմիցս հայտարարել ենք և կրկնում ենք, որ Հայոց ցեղասպանության ընդունումը Թուրքիային կստիպի հարգել միջազգային կարծիքը, սեփական ժողովրդի վրայից մաքրել “կեղտը” և իր կարևորագույն հարևանների` Հայաստանի և Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել: Վստահեցնում ենք, որ սա ողջ Հարավային Կովկասում խաղաղություն ու անդորր հաստատելու խնդրի լուծման ամենաիրական և արդարացի ուղին է:

Մենք`Ռուսաստանի ջավախահայերս, դիմում ենք ձեզ` Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների հարգելի ղեկավարներ, խնդրելով հարգել աշխարհով մեկ ցրված հայ ժողովրդի տառապանքները և ապրիլի 24-ին բաց ճակատով կանգնել ձեր եղբայր հայ ժողովրդի կողքին: Վստահեցնում ենք ձեզ, որ աջակցությունն աննկատ չի մնա ու հայ ժողովուրդն անհրաժեշտության դեպքում Ձեզ անպայման կպատասխանի անկեղծ աջակցությամբ ու շնորհակալությամբ”: Տեղեկանք` Հայոց ցեղասպանություն;

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---