14 ապրիլի 2010 - 00:26 AMT
Արա Պապյան. Նոր գինու և հին տիկերի մասին

Սարգսյանի և Էրդողանի Վաշինգտոն այցից հետ (12-13 ապրիլի, 2010թ.) վերջնականապես պարզ դարձավ, որ թուրք-հայկական արձանագրությունները մեռած են: Այսպես է մեկնաբանել երկու երկրների նախագահների վաշինգտոնյան հանդիպման արդյունքները “Մոդուս վիվենդի” կենտրոնի ղեկավար, պատմաբան Արա Պապյանը: “Մենք` հայերս, մի լավ խոսք ունենք. մեռած ա, թաղած չի: Հենց այս բառերով էլ կարելի է բնութագրել չարաբաստիկ արձանագրությունների վիճակը: Այսուհանդերձ, եթե մեկն ասի, որ այդ արձանագրություններն ի սկզբանե մեռելածին էին, ես չեմ առարկի”,-ասել է Պապյանը:

“Բա հիմա ի±նչ անենք: Ես կարծում եմ, որ կարիք կա ոչ միայն արմատապես փոխելու մեր արտաքին քաղաքականությունը, այլև կենսական անհրաժեշտություն է վերարժեվորելու դրա հիմքերը – ինքնին գործողության քաղաքականությունը պիտի փոխարինվի վերջնարդյունքի քաղաքականությամբ: Ի±նչ է սա նշանակում իրական քաղաքականության մեջ: Սա նշանակում է Հայաստանի Հանրապետության անվտանգության և բարօրության համար բավարար կարելիությունների ստեղծում: Այսինքն, Հայաստանի և հայերի նկատմամբ իրականացված բոլոր սխալների շտկում: Մենք ուրիշ այլընտրանք չունենք: Սա է այն միակ ուղին, որով մենք մեր տեղը կարող ենք ապահովել գլխապատառ առաջ ընթացող աշխարհում: Մենք այլևս կիսատ-պռատ գործեր անելու ժամանակի ճոխությունը չունենք”,-գտնում է պատմաբանը:

Ըստ Արա Պապյանի, ճիշտ ուղղությամբ առաջին քայլն արված է: “Նախագահ Սարգսայանի այցն ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի դամբարանին մեծ խորհուրդ ունի: Թեև դեռևս բազում են անորոշությունները, սակայն արդեն մի բան պարզից էլ պարզ է. այլևս հնարավոր չէ հայ-թուրքական հարաբերություններում ունենալ այն կիսաքուն վիճակը, որ ունեինք մինչև արձանագրությունները: Ներկայումս մենք ունենք էապես տարբեր իրավիճակ և որակապես նոր մարտահրավերներ: Հետևաբար մենք պետք է գործենք ըստ այդմ: Մենք միանգամայն նոր արտաքին քաղաքականության կարիքն ունենք: Չէ որ ասված է. Եւ ոչ ոք արկանէ գինի նոր ի տիկս հինս: (Ավետարան ըստ Մարկոսի, 2.22): Հայկական հարցի լուծումն է հայոց պետականության հզորացման եզակի հնարավորությունը և հայ ժողովրդի հարատևման միակ ուղին”-ասվում է Ա.Պապյանի մեկնաբանության մեջ: