14 ապրիլի 2010 - 14:04 AMT
Հայաստանի ծանրամարտի Ֆեդերացիան մտադիր է Երևանում անցկացնել 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը

Ապրիլի 14-ին ծանրամարտի Ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը, Եվրոպայի չեմպիոններ Տիգրան Մարտիրոսյանը (77 ք/կ) և Գևորգ Պողոսյանը (85 ք/կ), ինչպես նաև արծաթե մեդալակիր Արա Խաչատրյանը հանդիպել են լրագրողների հետ:

Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները նվաճել են 19 մեդալ: Ֆեդերացիայի նախագահը շնորհակալություն է հայտնել մարզիկներին և մարզիչներին լավ ելույթի համար, իսկ հայ ժողովրդին` աջակցության համար: “Այդ արդյունքին մենք հասանք Ֆեդերացիայի, սպորտի նախարարության և Օլիմպիական կոմիտեի համատեղ աշխատանքի շնորհիվ, հուսուվ եմ այդպես էլ կշարունակենք աշխատել”,- ասել է Սամվել Խաչատրյանը:

Հայաստանի ֆեդերացիան 2011-ին մտադիր է Երևանում անցկացնել Եվրոպայի մինչև 23 տարեկանների երիտասարդական առաջնությունը, որը տեղի է ունենալու հոկտեմբերին կամ նոյեմբերին: Խաչատրյանի խոսքերով, արդեն մայիսին Վալենսիայում, որտեղ տեղի է ունենալու պատանիների Եվրոպայի առաջնությունը, Հայաստանի ֆեդերացիան վերջնական պատասխան կտա Միջազգային ֆեդերացիային: “Առաջնությունն անցկացնելու համար անհրաժեշտ է մարզական գույք, որի ձեռքբերման համար կպահանջվի մոտ 120 մլն դրամ: Ես արդեն դիմել եմ Օլիմպիական կոմիտեին և սպորտի նախարարությանը”,- ասել է Խաչատրյանը:

Իսկ հուլիսին տեղի է ունենալու ծանրամարտի Հայաստանի Գավաթի խաղարկությունը, որին մասնակցելու են բոլոր ուժեղագույն ծանրորդները: “Գավաթից հետո կհստակեցվի Հայաստանի հավաքականի կազմը, որը սեպտեմբերին Անթալիայում մասնակցելու է աշխարհի առաջնությանը: Մենք հանդես ենք գալիս ամբողջական կազմով` 8 ծանրորդ և 7 ծանրորդուհի”,- ասել է Խաչատրյանը: