14 ապրիլի 2010 - 16:13 AMT
Ռուբեն Սաֆրաստյան. Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված է

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղի է մտել: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված է: “Հայ-թուրքական գործընթացը պետք է դիտարկել թուրք-ամերիկյան հարաբերությունների համատեքստում: ԱՄՆ-ն և Թուրքիան պարզ առևտուր են վարում, և հայ-թուրքական հարաբերությունները, ինչպես նաև Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն այդ սակարկության մասն են”,-ասել է պրոֆեսորը: Նրա կարծիքով, եթե Անկարային հաջողվի ամերիկյան վարչակազմից ստանալ իրեն անհրաժեշտ զիջումները, ապա Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում, որտեղ գտնվում են Արձանագրությունները, կարելի է սպասել որոշակի առաջխաղացման, բայց ոչ լիարժեք վավերացման:

“Թուրք-ամերիկյան առևտուրը դեռ այն մակարդակում չէ, որպեսզի Անկարան Արձանագրությունների հարցում անցնի հաջորդ քայլին”,- ասել է Ռուբեն Սաֆրաստյանը: Մեկնաբանելով Վաշինգտոնում Հայաստանի նախագահի և Թուրքիայի վարչապետի հանդիպումը` փորձագետը նշեց, որ ՀՀ նախագահի այցն ԱՄՆ ցույց տվեց, որ Հայաստանը զիջումների չի գնա ղարաբաղյան հակամարտության և Հայոց ցեղասպանության հարցերում: Բացի դրանից, նա հայտարարեց, որ ՀՀ նախագահի հանդիպումը հայկական համայնքի ներկայացուցիչների հետ ցույց է տվել հայկական Սփյուռքի համախմբվածությունը: Սաֆրաստյանն ավելացրեց, որ հիմա Հայաստանը գտնվում է ավելի բարենպաստ վիճակում, քան Թուրքիան, և, ի տարբերություն Անկարայի, պաշտոնական Երևանն ապացուցել է, որ միջազգային ասպարեզում հուսալի գործընկեր է:

Խոսելով ԱՄՆ նախագահի կողմից ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին` նա հայտարարեց, որ հավատում է, որ ԱՄՆ այժմյան վարչակազմը կճանաչի 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը: