14 ապրիլի 2010 - 19:37 AMT
Ավարտվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնական այցը Լիբանան

Լիբանան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 13-ին երեկոյան Լիբանանում Հայաստանի դեսպանությունում հանդիպում է ունեցել քաղաքական կուսակցությունների եւ համայնքային կառույցների ղեկավարների հետ: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է Լիբանանում ունեցած իր արդյունավետ հանդիպումների մասին, նշելով, որ թե երկրի նախագահի, թե խորհրդարանի ղեկավարի եւ թե վարչապետի կողմից ջերմ ընդունելության է արժանացել: “Չափազանց կարեւոր է, որ լիբանանահայերը ընդունվում ու գնահատվում են ոչ միայն որպես հայ, այլեւ որպես Լիբանանի արժանավոր, ստեղծարար քաղաքացիներ: Մանավանդ որ մեր հայրենակիցները նաեւ ներկայացված են խորհրդարանում ու կառավարությունում”,-ասել է ՀՀ ԱԺ խոսնակը:

Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է Հայաստանի իշխանությունների տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:

Լիբանանում ՀՀ դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը, որին մասնակցել են նաեւ Լիբանանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, Հովիկ Աբրահամյանն իր խոսքում ասել է, որ Հայաստանը ցանկանում է ավելի խորացնել հարաբերությունները Լիբանանի հետ: Նա համոզմունք է հայտնել, որ դրանք ավելի կամրապնդվեն, փաստելով, որ անհրաժեշտ է տնտեսական հարաբերությունները զարգացնել եւ հասցնել քաղաքական հարաբերությունների մակարդակին, որոնք չափազանց սերտ են ու ջերմ:

Լիբանանում Հայաստանի դեսպանության բակում, ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնական այցի շրջանակում իրականացվել է «Մշակույթների երկխոսություն» ակցիա. հայ ժամանակակից արվեստը ներկայացնող նկարիչներ Թենի Վարդանյանը, Մարինա Դիլանյանը եւ Արմեն Գեւորգյանը լիբանանյան հողի վրա ավարտել են հայ-լիբանանյան մշակութային կապերին նվիրված, տասներկու կտավներից կազմված մեկ միասնական գործ, որ սկսվել էր հայկական հողից: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այն նվիրել է Լիբանանի խորհրդարանին եւ կառավարությանը` ի նշան հայ-լիբանանյան ջերմ բարեկամության, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: