14 ապրիլի 2010 - 19:49 AMT
Սան Հոսեում կբացվի հայկական ՏՏ ընկերությունների մշտական ներկայացուցչությունը

Այս տարի կարող ենք “Արմթեք-2009-ին” ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ՏՏ ձեռնարկությունների միության հոբելյանական համագումարում:

“Առաջին հերթին, դա այն գաղափարն է, որ դուք առաջ քաշեցիք` ունենալ մշտական ներկայացուցչություն Սան Հոսեում, որը կներկայացնի հայկական ընկերությունների շահերը եւ հնարավորություն կտա, մի կողմից, մեր պատրաստած ապրանքն ու ծառայություններն իրացնել Սիլիկոնյան հովտում, մյուս կողմից` կապահովի այդ աշխարհի հզորագույն կենտրոնի կապը տեղեկատվական տեխնոլոգիաների հայկական աշխարհի հետ: Նպատակն է, որ ստանանք արդիական տեղեկատվություն, թե ինչ համաշխարհային զարգացումներ կան այդ ոլորտում, ինչպիսին է այդ ոլորտի զարգացման ապագան, որպեսզի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում համահունչ լինի համաշխարհային գործընթացներին”,-ասել է Տ.Սարգսյանը:

Ըստ նրա, կառավարությունը պատրաստ է այդ ծրագիրն ի կատար ածել: “Մենք այցելել ենք Սան Հոսեում առաջատար ինկուբատորներից մեկը: Գուցե հենց Սան Հոսեի այս կարողությունները կարող ենք օգտագործել պլատֆորմ ձեւավորելու, այնտեղ ներկայացուցչություն ունենալու համար, որովհետեւ կարծես այն բազմաթիվ տարբերակներից, որ մեզ առաջարկվում էին Սան Հոսեում, սա ամենաձեռնտուն էր, որովհետեւ աչքի էր ընկնում իր ծառայությունների բազմազանությամբ: Եվ միեւնույն ժամանակ, կարծես թե գներն ավելի մատչելի կլինեին, եթե մենք բոլորս միասին այդ ներդրումն իրականացնեինք: Մեր գաղափարախոսության հիմքն այն է, որ մենք միասին պետք է ձեւավորենք ոչ միայն գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, այլեւ գիտելիքի վրա հիմնված հասարակություն: Կարծում, եմ որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարող է մեր հասարակության մտածողության մեջ արմատական փոփոխություն մտցնել: 2009 թվականի ցուցանիշները վկայում են, որ այս ոլորտն ունի շատ մեծ ապագա, մեծ պոտենցիալ: Դա լինելու է մեր հարաբերական առավելությունը”,-ասել է ՀՀ վարչապետը: