14 ապրիլի 2010 - 20:58 AMT
Նաիրա Զոհրաբյան. ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանից հետո Մևլուդ Չավուշօղլուն կայցելի Հայաստան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլուդ Չավուշօղլուի հայտարարությունն այն մասին, որ պետք է հանդիպել միայն Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ներկայացուցիչների հետ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը վերականգնելու համար, անհասկանալի է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է “Բարգավաճ Հայաստան” խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքերով, ավելի ճիշտ կլիներ, եթե այդ հանդիպմանը ներկա լինեին բոլոր կողմերի պատվիրակությունները, քանի որ բոլորն էլ ասելիք ունեն: “Ես չեմ հասկանում Չավուշօղլուի ձգտումը վերականգնել Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծումը, մենք դեմ ենք, որ ղարաբաղյան հակամարտության քննարկումը ԵԱՀԿ ՄԽ-ից տեղափոխվի ուրիշ հարթություն”,- ասել է նա:

Զոհրաբյանը նաև չի պատկերացնում, թե ինչ մանդատ է ունենալու նոր ենթահանձնաժողովը, բայց հայկական կողմը կտրականապես հանդես է գալիս այդ հանձաժողովում ղարաբաղյան հիմնահարցը քննարկելու դեմ: “Եթե Չավուշօղլուն այդպես հետաքրքրվում է Լեռնային Ղարաբաղով, ապա թող ենթահանձնաժողովը զբաղվի ԼՂՀ մարդասիրական օգնության և մարդու իրավունքների հարցերով”,- ասել է Զոհրաբյանն, ավելացնելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողով ստեղծելու մտադրության մասին Չավուշօղլուն խոսել է դեռ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի ժամանակ: Նա նաև նշեց, որ ապրիլյան նստաշրջանից հետո Չավուշօղլուն ժամանելու է Հայաստան:

Նաիրա Զոհրաբյանը հաղորդեց, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը տեղի է ունենալու ապրիլի 26-30-ը: Նրա խոսքերով, նստաշրջանի օրակարգում Հայաստանին վերաբերվող հարցեր չեն լինելու, բայց նա “Կանանց իրավունքները կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային տարածաշրջաններում” թեմայով զեկույց է պատրաստում, որի ընթացքում ներկայացնելու է, թե ինչ դաժան փորձությունների են ենթարկվել հայ կանայք և երեխաները հայկական Մարաղա գյուղում 1992թ. ղարաբաղյան հակամարտության ընթացքում:

Հունվարի 13-ին Մևլուդ Չավուշօղլուն Ադրբեջանում հանդիպում է անցկացրել այդ երկրի խորհրդարանականների հետ: Նա հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին: