7 նոյեմբերի 2001 - 22:34 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԱՆ-Ը ՀՐԱՏԱՐԱԿԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԵՐ
ՀՀ Ազգային անվտանգության նախարարության հասարակայնության ու մամուլի հետ կապերի ծառայությունը տարածել է դիմում, որում ասվում է.
«Մոջահեդների եւ չեչենների հատուկ զորախմբեր պահած Ադրբեջանն ինքն է զառանցում «հակաահաբեկչության» մասին: Վերջին ժամանակներս Ադրբեջանը զանգվածային քարոզչական արշավ է ծավալել, որի նպատակն է Հայաստանը ներկայացնել իբրեւ ահաբեկչական երկիր, իսկ Լեռնային Ղարաբաղը` որպես ահաբեկիչների, թմրագործամոլների եւ այլ հանցավոր տարրերի ապաստարան: Ադրբեջանի բազմաթիվ քաղաքական գործիչներ եւ տարաբնույթ քաղաքագետներ, կարծիք հայտնելով, թե Մինսկի խմբի եւ բանակցությունների շրջանակներում անհնար Է Ղարաբաղի հարցը լուծել բացառապես իրենց համար ձեռնտու պայմաններով, սկսել են քննարկել Լեռնային Ղարաբաղի դեմ այսպես կոչված «հակաահաբեկչական գործողություն» անցկացնելու հնարավորությունն ու նպատակահարմարությունը: Ադրբեջանը ձգտում է տարածաշրջանի համար խիստ պայթյունավտանգ այս արկածախնդրության մեջ ներքաշել նաեւ Թուրքիային: Այդ է վկայում վերջերս Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Քվրքօղլուի հետ հանդիպման ժամանակ Ղարաբաղի հակամարտության ուժային լուծման վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարար Աբիեւի արած հայտարարությունը, ինչպես նաեւ Թուրքիայի խորհրդարանի անդամ Բյուլենթ Աքաչալիի հայտարարությունը տվյալ գործողությանը թուրքական կողմի հնարավոր մասնակցության վերաբերյալ, «եթե Ադրբեջանը կարողանա ապացուցել, որ Հայաստանը մասնակից է Ադրբեջանում, այդ թվում Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչություններին»:
Այս առումով ուշադրության է արժանի նաեւ Մինսկի խմբին հենց Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի ներկայացրած վերջնագիրը, որը ԵԱՀԿ նախագահ Ադրիան Սեւերինի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ «եթե խումբը սկզբունքային դիրք չբռնի» Ղարաբաղի հակամարտության մեջ, ապա Ադրբեջանը կսկսի «պատերազմ` հանուն իր գրավյալ հողերի ազատագրման»: Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններ սկսելու վերաբերյալ այս բոլոր կոչերում ու հայտարարություններում մեծ չափով առկա է ահաբեկման տարրը, որի նպատակն է բանակցությունների ընթացքում որոշակի ճնշում գործադրել հայկական կողմի վրա եւ նրան ստիպել առավել զիջող լինել: Աշխարհի որեւէ կետում իրականացվող յուրաքանչյուր ահաբեկչական քայլի կամ աղմկալի սպանության մեջ ադրբեջանցիները փնտրում են «հայկական հետք», եւ զարմանալի չէ, որ ԱՄՆ-ում իրականացված ահավոր ահաբեկչություններից հետո, կարծելով, թե եկել է հարմար պահը, Ադրբեջանն ուժեղացրեց իր հակահայկական արշավը: Հայաստանի տրամադրության տակ եղած բազմաթիվ փաստերը վկայում են հակառակը: Ադրբեջանը պաշտոնական մակարդակով կապ է պահպանել աֆղան մոջահեդների հետ, եւ հազարավոր վարձկան մոջահեդներ, ինչպես նաեւ չեչեն գրոհայիններ Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններին մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումների կազմում: Հավաստի տվյալներով, որոնք հաստատվում են նաեւ վավերական նյութերով, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ աֆղան մոջահեդներից եւ չեչեն գրոհայիններից կազմավորվել էին այսպես կոչված հատուկ զորախմբեր, որոնց գլխավոր խնդիրը պատժիչ եւ ահաբեկչական գործողությունների իրականացումն էր: Հիշյալ հատուկ զորախմբերը կազմավորվում էին Ժդանովի շրջանի Դոլիբուրուն գյուղում, Շամխորի շրջանի Սեյֆուլի վայրում, Ալի Բայրամլի գյուղում, Ադրբեջանի Եվլախի շրջանի տարածքում: Բաքվի կենտրոնում` «Ապշերոն» հյուրանոցում հատկապես ստեղծված էր գրասենյակ, որը հավաքագրում էր վարձկաններին եւ նրանց այնտեղ տեղավորում մինչեւ համապատասխան զորամասեր ուղարկելը: Հատուկ զորաբաժնի հետ աշխատելու համար հավաքների էին կանչվել տասնյակ թարգմանիչ սպաներ: Առկա փաստաթղթերի համաձայն` վարձկաններից յուրաքանչյուրը մարտական գործողություններին իր մասնակցության դիմաց ամսական ստանում էր 700-1000 ԱՄՆ դոլար: Անհետաձգելիորեն կատարվում էին հատուկ զորաբաժնի հրամանատարների պահանջները, որոնք վերաբերում էին իրենց պարենային հավելյալ արտոնությունների տրամադրմանը, անձնական օգտագործման փոխադրամիջոցների հատկացմանը եւ այլն: Հատուկ զորաբաժնի գոյության ակնբախ ապացույցներն են հրամանների պատճենները, լուսանկարները, նամակները, ուսումնական տետրերը, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի եւ ԱՀ գլխավոր շտաբի պետ Սադիխովի զրույցի ձայնագրությունը:
Ադրբեջանի հատուկ ծառայությունները քանիցս ահաբեկչական քայլեր են իրականացրել Հայաստանի եւ ԼՂՀ-ի սահմաններում, ինչպես նաեւ Վրաստանի Մառնեուլի շրջանում, Հայաստան մտնող հաղորդակցությունների գծերի վրա: Միայն 1993-94 թթ. գազամուղի ուղեգծում տեղի է ունեցել 13 պայթեցում: 1994, 1995 եւ 1996 թթ. ահաբեկչություններ են իրականացվել ՀՀ Նոյեմբերյանի շրջանի Բագրատաշենի սահմանամերձ շուկայում: Շուկայում կազմակերպված պայթեցումների հետեւանքով զոհվել են տասնյակ մարդիկ, շատերը ծանր խեղումներ են ստացել: Բայց Ադրբեջանի հատուկ ծառայությունները միայն ահաբեկչական քայլերով չէին բավարարվում: Ադրբեջանի բանտերում եւ համակենտրոնացման ճամբարներում հայ ռազմագերիների եւ պատանդների հանդեպ գոյություն ունեցող դաժան, անմարդկային վերաբերմունքին կարող էին «նախանձել» ինկվիզիցիայի ժամանակների դահիճները: Դրա ցայտուն օրինակը նախկին ռազմագերի Տիկո Տիկոյանի ինքնասպանությունն է, որը ադրբեջանցիների մոտ գերի էր 2000 թ. մայիսի 30-ից մինչեւ հուլիսի 28-ը: Ակնհայտ է, որ ձգտելով քողարկել իր ահաբեկչական գործունեությունը, Ադրբեջանը հայկական կողմին է մեղադրում` ակնկալելով միջազգային հանրության համապատասխան արձագանքը: Հորինվում են հանցանշաններ, նենգափոխվում ու խեղաթյուրվում են փաստերը, աղավաղվում են համատարած ահաբեկչության եւ թմրադեղերի տարածման դեմ պայքարելու վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի զեկուցագրերը, վկայակոչվում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ ղեկավարների գոյություն չունեցող հայտարարությունները:
Այդ կարգի վերջին գործը ոմն Նովրուզօղլուի «հետազոտություններն» են, որոնց համաձայն «հայկական ահաբեկչական կազմակերպությունները» կազմել են 48 ադրբեջանցիների ցուցակ, որոնց դեմ իբր մահափորձեր են նախապատրաստում: Իհարկե, չենք ուզում դուրս գալ լրագրողական բարոյագիտության շրջանակներից, բայց հազիվ թե հաջողվի ադրբեջանական ԶԼՄ-ների հերթական կեղծագիրը գնահատել ավելի մեղմ բառով, քան զառանցանքն է: Նույն բնորոշումը վերաբերում է Նովրուզօղլուի «հետազոտության» նաեւ այն մասին, որտեղ նա որպես մեկ ամբողջություն է ներկայացնում Հայ դատը (1915 թ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նրա գործունեությունն ավելի ու ավելի լայն ճանաչում է ստանում միջազգային հանրության մեջ), ԱՍԱԼԱ-ն (իր գործունեությունը դադարեցրած այդ կազմակերպության առնչությամբ ադրբեջանական ԶԼՄ-ների մշտական մարմաջը արդեն դուրս է գալիս քննարկման շրջանակներից) եւ Ցեղակրոնը (այս կազմակերպությունը երբեք չի մտածել անլեգալ դրության մասին եւ դուրս չի եկել հայկական պետականության լուսավորչական գաղափարի շրջանակներից):
Բաքվում ամենաիսկական որս է սկսվել այլազգիների հետ ամուսնացած հայերի եւ այն ադրբեջանցիների դեմ, որոնց երակներում հայկական արյուն է հոսում: Հայ «լրտեսների եւ ահաբեկիչների» մերկացմանը զգալի տեղ է հատկացվում Ադրբեջանի հատուկ ծառայությունների քարոզչական ձեռնարկումներում: Այսպես, 2001 թ. գարնանը դրանց «արգասավոր գործունեության» ցուցադրման նպատակով ընտրվեց ոմն Աղասյան Ռայան: Զանգվածային լրատվամիջոցներում բերվող տվյալների համաձայն, որոնք վկայակոչում են Ադրբեջանի ՆԳՆ եւ ԱԱՆ աղբյուրները, վերջինս 20 տարեկան է, ՀՀ քաղաքացի է, Երեւանի բնակիչ եւ 1994 թ.-ից գործում է Բաքվում (ուշադրություն դարձրեք տարիքին. այսինքն` 13 տարեկանից): Հայաստանի գոյություն չունեցող քաղաքացուհու վերաբերյալ թխված նյութերն այնքան պարզունակ էին եւ հակասական, որ Աղասյան Ռայայի լրտեսական գործունեության մերկացումը զարգացում եւ պաշտոնական հաստատում չգտավ:
Հայաստանի դեմ կազմակերպված ակտիվ քարոզչությունը չէր կարող հիմնվել միայն տվյալների նենգափոխման վրա. այն պահանջում էր կոնկրետ փաստեր եւ որքան սենսացիոն, այնքան ավելի լավ: Հենց այդ պատճառով ժամանակ առ ժամանակ սկսեցին Հայաստան գալ անձինք (Ի. Ախունդով, Ռ. Աբժանիձե, Գ.Ալադաշվիլի, Մ. Օջավերդիեւ եւ ուրիշներ), որոնք իբր իրենց երկար տարիներ հալածանքների ու զրկանքների ենթարկած Ադրբեջանի իշխանությունների հանդեպ ատելության զգացումից դրդված` իրենց ծառայություններն էին առաջարկում Ադրբեջանում հետախուզական գործունեության իրականացման, ինչպես նաեւ ահաբեկչական քայլերի ու դիվերսիաների կազմակերպման, այդ թվում քաղաքացիական բնակչության ֆիզիկական ոչնչացման գործում»: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: