15 ապրիլի 2010 - 14:48 AMT
Հայաստանի տնտեսությունը բարելավման կարիք ունի միկրոմակարդակում

Մակրոմակարդակում տնտեսական աճի հետ զուգահեռ Հայաստանի տնտեսությունը պետք է աճ ապահովի նաև միկրոմակարդակում, ապրիլի 15-ին կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` բարձրացնելով խոշոր հարկատուների հանդեպ հսկողության խստացման հարցը: "Իսկ ստուգումների քանակն ավելացնելով` մենք միկրոմիջավայր չենք բարելավում: Մենք ընդամենը ավելացնում ենք դժգոհությունը տասնյակ հազարավոր ձեռնարկությունների, դժգոհություն պետության նկատմամբ, որովհետև մենք չենք կատարում մեր խոստումը",- ասաց նա: Այդ համատեքստում Տիգրան Սարգսյանը նշեց, որ առարկայական պետք է լինի այդ միջավայրը, որովհետև համախառն ներքին արդյունքի աճը, որ այսօր առկա է, ավելի շատ պայմանավորված է կառավարության մակրոտնտեսական գրագետ քաղաքականությամբ, ընդլայնողական քաղաքականությամբ, որովհետև "մենք տնտեսության մեջ ներարկել ենք մեծ ծավալի գումարներ, և դա չի կարող տնտեսական աճի չհանգեցնել, բայց միկրոմիջավայրը մենք պետք է բարելավենք":

Նրա խոսքով, պետք է նվազագույնի հասցնել շփումները հարկ վճարողների հետ և հիմնականում աշխատել ռիսկերի վրա հիմնված վերահսկողությամբ, անհանգստացնել միայն այն հարկատուներին, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները: "2008-2009 թթ. հարկային մարմինների կողմից կատարված ստուգումների պարզ է դարձել, որ կառավարությունը բազմաթիվ բողոքներ է ստանում այն մասին, որ ստուգումների քանակը փոքր և միջին ձեռնարկություններում չի նվազել”,- ասաց նա: Տիգրան Սարգսյանն ավելացրեց, որ Հարկային մարմինների կողմից կատարած հարկային ստուգումների ընդհանուր քանակը 2009թ. ավելացել է 82 տոկոսով, մինչդեռ ստուգումների արդյունքում լրացուցիչ առաջադրված գումարները նվազել են 25 տոկոսով, և այդ ցուցանիշները մտահոգիչ են: Այդ կապակցությամբ վարչապետը նշեց, որ ցուցանիշների մեջ կան շեղումներ. ստուգումների քանակը 82 տոկոսով, այդ թվում, խոշոր հարկատուների մոտ` 30 տոկսով, մինչև 58 մլն դրամ շրջանառություն ունեցող հարկատուների մոտ` 70 տոկոսով, իսկ մյուս բոլոր հարկատուների մոտ 250 տոկոսով: Միևնույն ժամանակ հարկատուների երեք խմբերի մոտ ստուգումների արդյունքում լրացուցիչ առաջադրված գումարները նախորդ տարվա հետ համեմատած նվազել են 2-3 անգամ: