15 ապրիլի 2010 - 15:54 AMT
Ռիչարդ Կիրակոսյան. Վաշինգտոնում Օբամայի վարչակազմը վերջին անգամ զգուշացրել է Անկարային

Հայաստանի նախագահի և Թուրքիայի վարչապետի վաշինգտոնյան հանդիպումը փորձ էր դուրս գալ Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցում ստեղծված փակուղուց: Այդ մասին Երևանում լրագրողներին է ասել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, Արձանագրություններն այժմ “մեռյալ վիճակում են”: “Ես ենթադրում եմ, որ վաշինգտոնյան հանդիպումը հաջող էր, հակառակ դեպքում, մենք կտեսնեինք Անկարայի հակազդեցությունը: Ինձ թվում է, որ արդեն որոշակի համաձայնություն է ձեռք բերվել հայ-թուրքական երկխոսությունը շարունակելու վերաբերյալ”,-ասել է փորձագետը: Ըստ նրա, միջուկային անվտանգության գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահին չհրավիրելու Վաշինգտոնի որոշումը կարելի է դրական գնահատել: Ինչպես նշել է Ռ.Կիրակոսյանը, ամերիկյան կողմը թույլ չի տա, որ Բաքուն խոչընդոտի հայ-թուրքական բանակցություններին:

Ռիչարդ Կիրակոսյանը նշել է, որ ներկայումս Անկարայի դիրքերը Հայաստանի հետ գործընթացում բավականին թուլացել են: “Հայաստանն այդ գործընթացում արեց այն ամենն, ինչ կարող էր և պետք է աներ: Այժմ ողջ ճնշումն ուղղված է Թուրքիայի դեմ: Ղարաբաղյան հարցն այսուհետ նախապայման չէ և այդ մասին հստակ հայտարարել են ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Ռուսաստանը”,-ասել է փորձագետը: Նա հավելել է, որ այժմ Թուրքիայի համար այնքան էլ բարենպաստ ժամանակ չէ, քանի որ լարվածությունը ադրբեջանա-թուրքական հարաբերություններում շարունակվում է, իսկ Վաշինգտոնը վերջին անգամ զգուշացրել է Անկարային` փրկելու համար հայ-թուրքական գործընթացը: Փորձագետը գտնում է, որ թուրքական կողմը դեռևս որոշում չի կայացրել Հայաստանի հետ հարաբերությունների և հետագա քայլերի մասին:

Գնահատելով ԱՄՆ նախաձեռնողականությունը հայ-թուրքական երկխոսության հարցում` փորձագետն ընդգծել է,որ Վաշինգտոնը կօգտագործի գործընթացն Երևանի ու Անկարայի միջև` ղարաբաղյան կարգավորման հարցում իր նպատակներին հասնելու համար: