15 ապրիլի 2010 - 16:58 AMT
Տասը օր հետո լույս կտեսնի Համո Սահյանի բանաստեղծությունների ժողովածուն

Համո Սահյանի պոեզիայում գտնում ենք մեր զգացմունքները, մտքերը, ինչը ինքնին ապացույց է հայ բանաստեղծի անսահման ու յուրօրինակ տաղանդի: Այսօր էլ նրա արվեստի պահանջը զգում է մեր հասարակությունը:

Տպագրության է պատրաստվում բանաստեղծի ստեղծագործությունների ժողովածուն:

“Հրատարակչական ծրագրերի շրջանակներում ստեղծվել է Համո Սահյանի տարբեր տարիների ստեղծագործությունների ժողովածուն: Մենք ուրախությամբ հայտնում ենք, որ հայ բանաստեղծների հինգ ժողովածուների շարքում, որոնց հոբելյանները նշվել են անցյալ տարի, 10 օր հետո լույս կտեսնի նաև Համո Սահյանի բանաստեղծությունների ժողովածուն”, - հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին ՀՀ մշակույթի նախարարության հրատարակչական գործակալության բաժնի պետ Սեյրանուհի Գեղամյանը:

Նրա խոսքերի համաձայն, յուրաքանչյուր ժողովածու հրատարակվելու է 500 օրինակ, իսկ հրատարակման բյուջեն կազմում է 1 մլն 500 հազ. դրամ: Գրքերի հինգհատորյակը կազմում են Սիլվա Կապուտիկյանի, Գևորգ Էմինի, Հրաչյա Հովհաննիսյանի, Պարույր Սևակի բանաստեղծությունների ժողովածուները: