15 ապրիլի 2010 - 18:30 AMT
Հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի կունենա սեպտեմբերին Երևանում

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահիդ ալ-դին Իսմայիլ Ջալալին:

Ինչպես հաղորդում է ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը, զրուցակիցները քննարկել են միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացմանը վերաբերող հարցեր: Դեսպանը փոխվարչապետին է փոխանցել հանձնաժողովի նիստը սեպտեմբերին Երևանում անցկացնելու եգիպտական կողմի առաջարկությունը, ինչը հավանության է արժանացել: Առաջարկվել է նաև մինչ հանձնաժողովի նիստը կազմակերպել գործարար համաժողով, որպեսզի գործարարները հստակեցնեն համագործակցության ոլորտներն ու ուղղությունները: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել այն կազմակերպել օգոստոս-սեպտեմբերին:

Նշվել է, որ եգիպտական կողմը հեռանկարային է համարում կապի, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, դեղարտադրության ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև Կահիրեի արվարձաններից մեկում հաջողությամբ իրագործված "Smart village"-ի գաղափարը Հայաստանում իրականացնելու հնարավորությունը: Ա. Գևորգյանը ևս նշված ոլորտները համարել է հեռանկարային` ավելացնելով, որ հայկական կողմը շահագրգռված է Եգիպտոսի հետ ընդլայնելու և խորացնելու ավանդաբար ձևավորված բարեկամական հարաբերությունները: