19 ապրիլի 2010 - 15:54 AMT
Սիդնեյի հայ համայնքը բողոքի ցույց է կազմակերպել Թուրքիայի հյուպատոսության առջև

Սիդնեյի հայ համայնքը ապրիլի 18-ին ցույց էր կազմակերպել Թուրքիայի հյուպատոսության առջև` շուրջ 95 տարի շարունակվող Հայոց ցեղասպանության ժխտման դեմ: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբում, Ավստրալիայի ազգային հեռուստատեսությունը, ինչպես նաև SBS հեռուստաալիքը և մի շարք ռադիոկայաններ ակտիվորեն լուսաբանել են միջոցառումը: Բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 500 հոգի, այդ թվում նաև Սիդնեյի ասորական և հունական համայնքների ներկայացուցիչները: “Չնայած նրան, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է աշխարհի 20 երկրների, այդ թվում նաև Նոր Հարավային Ուելսի (նահանգ Ավստրալիայի հարավ-արևելքում) և Հարավային Ավստրալիայի կառավարությունների կողմից, այնուամենայնիվ Թուրքիան չի ճանաչում այդ փաստը”,-ասել է Ավստրալիայի Հայ երիտասարդական դաշինքի ներկայացուցիչ Գևորգ Թուֆենկյանը:

Ցուցարարները վանկարկել են` “1915-ն այսուհետ երբեք”, “Թուրքիան մեղավոր է, Թուրքիան պետք է հատուցի”, “Մենք արդարություն ենք պահանջում”, “Ցեղասպանությունը դա փաստ է”: