2 նոյեմբերի 2001 - 23:09 AMT
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Այսօր Մոսկվայում կկայանա տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Ինչպես «Արմինֆո» գործակալության թղթակցին է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որն այդ հանձնաժողովի նախագահն է, այսօր մեկնել է Մոսկվա` հանձնաժողովի նիստին մասնակցելու համար: Ինչպես նախատեսվում է, Սերժ Սարգսյանը միջկառավարական հանձնաժողովի ռուսաստանյան համանախագահ ՌԴ փոխվարչապետ Իլյա Կլեբանովի հետ կքննարկի երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները: Նիստի ընթացքում կստորագրվի նաեւ Հայաստանի մի շարք ձեռնարկությունների հիման վրա հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների ստեղծման մասին արձանագրություն: Խոսքն այնպիսի ձեռնարկությունների մասին է, ինչպիսիք են «Մարս» գործարանը, մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ն, Նյութագիտության ինստիտուտն ու Հրազդանի ՋԷԿ-ը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: