20 ապրիլի 2010 - 18:23 AMT
Ապրիլի 15-ից 20-ը Հայաստանից Եվրոպա 16 չվերթ է չեղյալ հայտարարվել

Իսլանդիայում ժայթքած հրաբխի պատճառով Հայաստանից Եվրոպա 16 չվերթ է չեղյալ հայտարարվել: Ինչպես հաղորդում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, չվերթներից 6-ը կատարում էր "Արմավիան", իսկ մնացած 10-ը` այլ ընկերություններ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ չեղյալ էին հայտարարվել չվերթները Լոնդոն, Ցյուրիխ, Օդեսսա, Պրահա, Վիեննա, Դնեպրոպետրովսկ և Ամստերդամ:

Ընդ որում, "Արմավիա" ավիաընկերությունը հաղորդում է, որ հաշվի առնելով Ցյուրիխի և Ամստերդամի օդանավակայանների աշխատանքի վերսկսումը, Երևան-Ցյուրիխ-Երևան, Երևան-Ամստերդամ-Երևան ուղղություններով չվերթները սկսած 2010 թվականի ապրիլի 20-ից կկատարվեն ժամանակացույցի համաձայն:

Էյաֆյատլայոկուդլ հրաբխի ժայթքումը սկսվել է ապրիլի 14-ին: Հրաբուխը գտնվում է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից 200կմ արևելք: