21 ապրիլի 2010 - 14:13 AMT
Beeline-ի բաժանորդները կարող են մասնակցել "1 Goal: Կրթություն բոլորի համար" ակցիային

Հայաստանի Beeline բջջային կապի բաժանորդները հնարավորություն ունեն մասնակցելու շարժական կապի օպերատորների պատմության մեջ "1 Goal: Կրթություն բոլորի համար" համատեղ խոշորագույն ակցիային: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին “ԱրմենՏել” ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) մամլո ծառայությունից, ակցիայի շրջանակում 2010թ ապրիլի 21-ից հուլիսի 11-ը Beeline շարժական կապի բաժանորդները կարող են ուղարկել “Yes” տեքստով անվճար SMS 6462 կարճ համարին և աջակցել աշխարհի բոլոր դպրոցներում անվճար տարրական ուսուցման արշավին: Արշավի ընթացքում ստացված ձայները կփոխանցվեն “Հանուն կրթության” համաշխարհային արշավի օգտին` նպատակ ունենալով սևեռել տարբեր երկրների ղեկավարների և հանրության ուշադրությունը կրթական համակարգում գլոբալ խնդիրների լուծման անհրաժեշտությանը: "1 Goal: Կրթությունը բոլորի համար" նախաձեռնությունը շարժական կապի օպերատորների պատմության մեջ համատեղ խոշորագույն ակցիան եզակի է թե իր ծավալով, թե բնույթով: Ինչպես նշվում է ակցիայի պաշտոնական կայքում, աշխարհում մոտ 72 մլն երեխաներ զրկված են միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունից: Իսկ "1 Goal: Կրթությունը բոլորի համար" նախաձեռնության շրջանակներում մինչև 2015 թվականը ծրագրվում է դպրոց հաճախելու հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր երեխային ամբողջ աշխարհում:

"Համոզված եմ, որ մեր բաժանորդները ակտիվորեն կմասնակցեն այս ակցիային` իրենց լուման ներդնելով աշխարհի բոլոր մանուկների համար կրթությունը առավել հասանելի դարձնելու գործում”- նշեց “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Համատեղ այս արշավին միացել են GSM Միջազգային Ընկերակցության անդամ 20 օպերատորներ, որոնք սպասարկում են ավելի քան 1 մլրդ. բաժանորդ: "ՎիմպելԿոմ"-ը աջակցում է ակցիային բոլոր այն երկրներում, որտեղ ներկայացված է Beeline ապրանքանիշը:

“ԱրմենՏել” ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) “Վիմպելկոմ” ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում: “Վիմպելկոմ” ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: “Վիմպելկոմ” ընկերությունների խմբի մեջ են մտնում բջջային կապի մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում և Հայաստանում: “Վիմպելկոմ” ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: “Վիմպելկոմ” ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով: