21 ապրիլի 2010 - 14:20 AMT
Վլադիմիր Զախարով. Ապրիլի 24-ից հետո հայ-թուրքական գործընթացը կակտիվանա

Քաղաքական գործոնը Հայոց ցեղասպանության հարցում միշտ եղել է և կլինի: Այդ մասին “Պատմական հիշողությունն ու ժամանակակից իրողությունները” խորագրով Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ հայտարարել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր Զախարովը: “Ցավոք, քաղաքական գործոնը նկատելի է նաև հայ-թուրքական բանակցություններում և անպայման հաշվի է առնվում եթե ոչ Ցեղասպանության, ապա Ղարաբաղի հարցը: Այդ խնդրի լուծումը չի երևում, քանի որ հիմքում ոչ թե ժողովրդի հիշողությունն է, այլ քաղաքական խաղերը”,-ասել է Վլադիմիր Զախարովը: Նա հավելել է, որ հայերի կոտորածն Ադրբեջանում 1918-20թթ. ևս ցեղասպանություն է: “Այդ շղթան ավարտվեց քսանամյա վաղեմության իրադարձություններով Ադրբեջանի քաղաքներում”,-ասել է փորձագետը:

Գնահատելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը` Վլադիմիր Զախարովը հայտարարել է, որ ապրիլի 24-ից հետո ակտիվ գործողություններ կծավալեն բոլոր կողմերը: “Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ամենից շատ շահագրգռված է ԱՄՆ-ն, և հավանաբար Վաշինգտոնը կշարունակի ճնշում գործադրել Թուրքիայի վրա”,-ասել է փորձագետը: