21 ապրիլի 2010 - 16:17 AMT
2010թ. փետրվարին խոշոր հարկ վճարողների կողմից Հայաստան ներկրված ապրանքների ու ծառայությունների ծավալն աճել է 55,1%-ով

2010թ. փետրվարին 344 խոշոր հարկ վճարողների կողմից 2009 թվականի նույն շրջանի համեմատ Հայաստան ներկրվող ապրանքների ու ծառայությունների ծավալն աճել է 55,1%-ով և կազմել 53,4 մլրդ դրամ:

Հայաստանի Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2010թ.-ի փետրվար ամսվա ամփոփ ցուցանիշները»: Դրանց համաձայն, այս ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված է ոչ միայն առևտրային նպատակով ներմուծված ապրանքների ավելացմամբ, այլև արտադրական պահանջներից ելնելով կազմակերպությունների կողմից ՀՀ տարածք ներկրված թանկարժեք սարքավորումներից, որոնցից խոշորոգույն ութ ընկերությունների («Հայ-Ռուսական «ՀայՌուսգազարդ», «Օրանժ Արմենիա», «Արմենիա միջազգային օդանավակայաններ», «Ֆլեշ», «Արմսվիսբանկ», «Եվրոպա», «Բյուրակն», «Ալեքս Գրիգ») կողմից ներմուծման ծավալները 2010թ.-ի փետրվարին նախորդ տարվա փետրվար ամսվա նկատմամբ աճել է 14.2 մլրդ. դրամով:

Այս ցուցանիշի աճը ուղիղ համեմեատական կարգով իր անդրադարձն է ունեցել նաև ՀՀ սահմանին վճարված մաքսային վճարների վրա, որը 2010թ.-ի փետրվար ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ավելացել է 49.9%-ով և կազմել 9.9 մլրդ դրամ: