21 ապրիլի 2010 - 18:47 AMT
Խոշոր հարկ վճարողների ապրանքի իրացումից հասույթը 2010թ. փետրվար ամսին աճել է 19.9%-ով

2010թ. փետրվար ամսին Հայաստանի 344 խոշոր հարկ վճարողների ապրանքի իրացումից ստացված հասույթը կազմել է 143.2 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ գրանցվել է աճ 19.9%-ով: Նման տեղեկատվություն է պարունակվում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի փետրվար ամսվա ամփոփ ցուցանիշներ»-ում:

344 խոշոր հարկ վճարողներից նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 202 կազմակերպությունների մոտ, որոնցից առավել խոշոր 10 կազմակերպությունների («Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ալեքս Գրիգ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Ռուսալ Արմենալ», «Հայ-Ռուսական «ՀայՌուսգազարդ», «Արմենիան քափըր փրոգրամ», «Սիթի պետրոլ գրուպ», «Դինո Գոլդ Մայնինգ Քամփընի», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Մաքուր երկաթի գործարան») մոտ իրացումից հասույթը ընդհանուր առմամբ այս տարվա փետրվարին նախորդ տարվա փետրվար ամսվա նկատմամբ աճել է 21.3 մլրդ. դրամով:

Իսկ թվով 120 կազմակերպությունների մոտ արձանագրվել ցուցանիշի նվազում, որոնցից միայն «Արդշինինվեստբանկ», «Գրանդ կոմերց» և «Գլենդել Հիլզ» ընկերությունների մոտ ընդհանուր առմամբ իրացումից հասույթը այս տարվա փետրվարին նախորդ տարվա փետրվար ամսվա նկատմամբ նվազել է մոտ 3.1 մլրդ. դրամով: