21 ապրիլի 2010 - 19:59 AMT
Ամերիկայի Հայկական Համագումարը համայնքային ճեպազրույց կազմակերպեց

Ամերիկայի Հայկական Համագումարը (ԱՀՀ) համայնքային ճեպազրույց էր կազմակերպել, որի ընթացքում Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Սպիերն ու Ֆրենկ Փալոուն Կրտսերը ողջունեցին հայ համայնքի նվիրվածությունը և կոչ արեցին ներկա գտնվող ավելի քան 150 հյուրերին հետևողանորեն շարունակել բարձրացնել հայոց հիմնախնդիրները` ներառյալ ցեղասպանության հաստատումը: Նրանք հայտնեցին, որ շատ էին տպավորվել Համագումարի Հյուսիսային Կալիֆորնիայի Տարածաշրջանային Խորհրդի (ՀԿՏԽ) անդամներ Ջուլի Կոլհանջյան Ստրոքի և Դավիթ Օջակյանի աշխատանքով: Պալատի երկու ներկայացուցիչները հատկապես առանձնացրեցին ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը և մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252-րդ բանաձևի ընդունումը:

Վերահաստատելով իրենց շարունակական աջակցությունն այդ կարևոր մարդու իրավունքների հիմունքների նկատմամբ` Սպիերն ու Փալոունը ներկայացրեցին իրենց հետագա քայլերն ու արտահայտեցին պատրաստակամություն աշխատել համայնքի ղեկավարների հետ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում 252-րդ բանաձևի անցկացման ուղղությամբ:

"Մենք երախտապարտ ենք ներկայացուցիչներ Սպիերի և Փալոունի անխոնջ աշխատանքի համար և շնորհակալություն ենք հայտնում ճիշտ ժամանակին 252-րդ բանաձևի վերաբերյալ քննարկում ծավալելու համար", - ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀԿՏԽ-ի անդամ Ջուլի Կուլհանջյան Ստրոքը` ավելացնելով, որ ապրիլյան այս օրերին միավորվելով և Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին անդրադառնալով` իրենք կոչ են անում Կոնգրեսին ընդունել 252-րդ բանաձևը:

"Որպես Սուրբ Վարդան եկեղեցու և Համագումարի Հյուսիսային Կալիֆոնիայի Տարածաշրջանային Խորհրդի անդամ` ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Փարոս Հիմնադրամին այս միջոցառումը իրականություն դարձնելու համար", - իր հերթին նշեց Դավիթ Օջակյանը: Նրա խոսքով, իրենք շարունակելու ենք բարձրացնել հայոց հիմնախնդիրները և անհամբեր սպասում են հետագա միջոցառումներին` քննարկելու Հայաստանին և Սփյուռքին վերաբերող խիստ կարևոր խնդիրները, հաղորդում է ԱՀՀ-ն: