1 նոյեմբերի 2001 - 21:14 AMT
ՌՈՒՄԻՆԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԴՐԱԿԱՆ ԴԵՐ ԽԱՂԱԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Ռումինիան կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Ինչպես հայտնում է «Արկա» գործակալությունը, այս մասին երեկ Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուն: Նրա խոսքերով` այդ դերը կարող է կայանալ Հայաստանի ու Ադրբեւանի նախագահների միջեւ ուղղակի երկխոսություն հաստատելու հարցում` հաշվի առնելով Ռումինիայի կայացած բարիդրացիական հարաբերությունները երկու երկրների հետ: Իլիեսկուն նշել է նաեւ այն փաստը, որ Ռումինիան այս տարի նախագահում է ԵԱՀԿ-ում, ինչը նույնպես կարող է դրական ազդեցություն ունենալ հակամարտության լուծման վրա: Այդ կապակցությամբ նախագահը ընդգծել է, որ ԵԱՀԿ շրջանակներում Ռումինիան ջանացել է մասնակցել այդ հակամարտության հետ կապված բոլոր գարծընթացներին: «Դա շատ բարդ հիմնահարց է եւ հատուկ մոտեցում է պահանջում»,-ասել է Ի.Իլիեսկուն: Նա հատուկ շեշտել է երեք գերտերությունների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի դերը ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում: «Այդ հարցի լուծմանը անհրաժեշտ է աջակցել համատեղ ջանքերով` ստեղծելով հոգեբանորեն բարենպաստ իրադրություն»,- ասել է Իոն Իլիեսկուն: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: