22 ապրիլի 2010 - 17:21 AMT
“Ամերիաբանկի” և “Կասկադ բանկի” ընդհանուր եկամուտը 2010-ի առաջին եռամսյակում կազմել է 654 մլն դրամ

”Ամերիաբանկի” և ”Կասկադ Բանկի” ընդհանուր մաքուր եկամուտը 2010-ի առաջին եռամսյակում կազմել է 654 մլն դրամ: Այդ մասին հայտնել է “Ամերիաբանկ” ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: “Եկամուտի աճի տեմպերով “Ամերիաբանկն” առաջատար դիրքեր է զբաղեցնում Հայաստանի բանկային հատվածում”,- ասել է նա:

Տիգրան Ջրբաշյանը նաև հայտնեց, որ “Ամերիաբանկի” ընդհանուր կապիտալը 2010-ի մարտի 31-ի դրությամբ կազմել է 22.3 մլրդ դրամ, իսկ “Կասկադ բանկի” հետ համատեղ կապիտալը` 30 մլրդ դրամ, և տվյալ համատեղ ցուցանիշով բանկերը զբաղեցնում են երկրորդ տեղը Հայաստանի բանկային համակարգում: Զարգացման գծով տնօրենը նաև ավելացրեց, որ շարունակվում է կապիտալի գլոբալ աճը` հաշվի առնելով երկու բանկերի շահույթը:

Ամփոփելով ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքները` Ջրբաշյանն ասաց, որ “Ամերիբանկն” ապահովել է ակտիվների 136 տոկոս աճ` հասցնելով դրանց ծավալը 110.5 մլրդ դրամի, ինչը Հայաստանի կոմերցիոն բանկերի մեջ 6-րդ ցուցանիշն է: Միևնույն ժամանակ հաճախորդների նկատմամաբ պարտավորությունները կազմել են 88.2 մլրդ դրամ, իսկ “Ամերիաբանկի” և “Կասկադ բանկի” համատեղ պարտավորությունները հասնում են 99 մլրդ դրամի: “Մենք սպասում ենք աճի տեմպերի պահպանում` հաշվի առնելով երկրի տնտեսության վերականգման հետ կապված որոշ միտումները”,- ասել է Ջրբաշյանը:

“Ամերիաբանկի” վարկային պորտֆելն անցել է 60 մլրդ դրամից: Երկու բանկերի ընդհանուր վարկային ներդրումները կազմում են 71.9 մլրդ դրամ: Դրա հետ մեկտեղ վարկային պորտֆելի աճի տեմպերով բանկը հայկական բանկային համակարգում առաջատարներից մեկն է: Ընդ որում, չաշխատող վարկերի բաժինն առաջին եռամսյակում կազմել է 0.26 տոկոս այն դեպքում, երբ վարկավորման շուկայում միջին ցուցանիշը կազմում է5-7 տոկոս:

Բացի դրանից, Ջրբաշյանը հաղորդեց, որ հաշվի առնելով “Ամերիաբանկի” համագործակցությունը միջազգային ֆինանսական ինստիտուների հետ, հաջող կերպով իրականացնում է ծրագրեր, որոնք բանկը նախատեսել է նորացվող էներգետիակայի և բիզնեսի վարկավորման ոլորտում: