22 ապրիլի 2010 - 17:42 AMT
Հայաստանի 800 մլն դոլար արտաքին պարտքի սպասարկման մի մասն իրականացնելու է մասնավոր հատվածը

Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման մի մասն իրականացնելու է մասնավոր հատվածը: Այդ մասին կառավարության ապրիլի 22-ի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: “Մտահոգություններ կային, որ արտաքին պարտք - համախառն ներքին արդյունք ցուցանիշը կարող է վատթարանալ, բայց դա նշանակում է, որ տնտեսական աճի այս ցուցանիշների պահպանման պարագայում ամբողջ տարվա ընթացքում մակրոտնտեսական կայունությունը նույնպես կպահպանվի”:

Նա ասաց նաև, որ հակաճգնաժամային միջոցառումների զգալի մասը ոչ թե պետության արտաքին պարտքի բեռի հաշվին է եղել, այլ Ռուսաստանի Դաշնությունից ստացված վարկը տեղաբաշխվել է մասնավոր ձեռնարկություններում, այդ թվում նաև առևտրային բանկերի միջոցով: “Դա նշանակում է, որ արտաքին պարտքի սպասարկման մի մասն իրականացնելու է մասնավոր հատվածը: Ֆինանսների նախարարության գնահատականով դա այս պահի դրությամբ կազմում է շուրջ 800 մլն դոլար: Չնայած դա պետության պարտավորությունն է, բայց ուղղակի բյուջետային մարումներ չեն լինելու, այլ մասնավոր հատվածն է հատուցելու այն”:

2009-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմել է 1270,7 մլրդ դրամ, ընդ որում արտաքին պարտքը կազմել է 1121.1 մլրդ դրամ (29667.7 մլն դոլար):

2009-ի հունիսին Հայաստանը Ռուսաստանից 500 մլն դոլարի չափով կայունացնող վարկ է ստացել: