22 ապրիլի 2010 - 18:12 AMT
ՀԱԿ-ը ձեռնպահ է մնացել հայ-թուրքական գործընթացի սառեցման մասին իշխող կոալիցիայի հայտարարությունը մեկնաբանելուց

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հրաժարվել է մեկնաբանել ՀՀ ԱԺ-ում կոալիցիոն ուժերի հայտարարությունը` հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ արձանագրությունների վավերացման գործընթացի սառեցման մասին:

“ՀԱԿ-ն իր տեսակետը կհայտնի միայն հայ ժողովրդին ուղղված Սերժ Սարգսյանի ուղերձից հետո”, - PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

“Այն, որ թուրքական կողմը հրաժարվում է խելամիտ ժամկետներում վավերացնել արձանագրություններն առանց նախապայմանների, իմաստազրկում է ՀՀ ԱԺ-ում արձանագրությունների վավերացման գործընթացը շարունակելը: Մենք անհրաժեշտ ենք համարում գործընթացի սառեցումն ու խորհրդարանի օրակարգից այդ փաստաթղթերի քննարկումը հանելը, քանի դեռ Թուրքիան չի համաձայնի այդ գործընթացը շարունակել առանց նախապայմանների”, - ասված է ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնության ապրիլի 22-ի հայտարարության մեջ: