23 ապրիլի 2010 - 18:06 AMT
Եվրոպայի հայերի համագումարը բաց նամակով դիմել է Գերմանիայի Դաշնային կառավությանը, Բունդեսթագին և արտգործնախարարությանը

Եվրոպայի հայերի համագումարը բաց նամակով դիմել է Գերմանիայի Դաշնային կառավությանը, Բունդեսթագին և Արտգործնախարարությանը: Նամակում, մասնավորապես, ասված է. “Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցի և դրա հետ կապված` «Ձախակողմյան» կուսակցության հարցման` Դաշնային կառավարության պատասխանի առիթով, Եվրոպայի Հայերի Համագումարը ցանկանում է դիմել Ձեզ:

2005 թ. Բունդեսթագի 15/5689 փաստաթուղթը ողջունվեց Գերմանիայում ապրող հայերի կողմից: Չնայած որ «գենոցիդ»», կամ «ցեղասպանություն» բառեզրը չկիրառվեցին, այնուամենայնիվ Քրիստոնյա Դեմոկրատական Միության/Քրիստոնյա Սոցիալական միության, Գերմանիայի Սոցիալդեմոկրատական կուսակցության, Ազատական Դեմոկրատական կուսակցության և Կանաչներ/Դաշինք 90-ի (CDU/CSU, SPD, FDP und Grüne/Bündnis 90) կողմից ընդունված դիմումում այդ արարքը գնահատվեց որպես պետության կողմից ղեկավարված անարդարություն: Բունդեսթագը դատապարտել էր Օսմանյան կայսրության երիտթուրքերի կառավարության գործողությունները, որոնք բերել էին Անատոլիայում ապրող հայերի գրեթե ամբողջական ոչնչացման”,-ասվում է նամակում:

“Գերմանական կառավարությունը իր ներկայիս դիրքորոշմամբ (10.02.2010 թվականի (BT-Drs.17/687 ), հարցը բուն խնդրից շեղելով՝ Թուրքիայում պատմության վերանայման քաղաքացիական գործողություններն է ողջունում:

Գերմանիայի ԱԳՆ, Ավստրո-Հունգարիայի, ԱՄՆ Ազգային արխիվներում, Օսմանյան կյսրությունում գործունեություն ծավալած միսիոներների վկայությունները, Կոստանդնուպոլսի հայկական պատրիարքարանի հետպատերազմյան հավաքածուն, ինչպես նաեւ Օսմանյան կայսրության պետական պաշտոնական գրառումները՝ ստամբուլյան գործընթացի արձանագրությունների մասին, Օսմանյան կայսրության ազգային Ժողովի նիստերի արձանագրությունները, երիտթուրքերի պառլամենտական հետազոտական հանձնախմբի, օսմանյան թերթերը նկարագրում են, թե Օսմանյան կայսրության առանձին նահանգներում ինչ է տեղի ունեցել: 1965թ-ից ի վեր ավելի քան 21 պետություն, Եվրոպական խորհրդարանը, Եվրախորհուրդը 1915-1917թ. տեղահանություններն ու ջարդերը ճանաչել են որպես կատարված ցեղասպանություն եւ դատապարտել այն:

Ուստի կատարվածը պետք է ոչ թե պատմաբաններից կազմված հանձնաժողովի կողմից ստուգվեն, այլ պետք է դատապարտվեն միջազգային հասարակության կողմից, և հատկապես Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի կողմից: Նույնն է նաև Օսմանյան կայսրության այն ժամանակվա դաշնակցի կամ իրավահաջորդի` այսօրվա Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար:

Վարչապետը, ով 19.03.2010թ. Անկարայում հրապարակավ հայտարարում է, որ գալիք 95-ամյակը Առաջին Համաշխարհային պատերազմում թուրքական զորքի տարած բացառիկ հաղթանակներից մեկի տարեդարձն է, պետք է հրապարակավ դատապարտվի: Հիշատակի մշակույթը Եվրոպայում անգնահատելի արժեք ունի: Դաշնային կառավարությունը պետք է հնարավորինս խուսափի նման արժեքը առուծախի առարկա դարձնելուց:

Մենք կո՛չ ենք անում Դաշնային կառավարությանը եւ Բունդեսթագին լուրջ ընդունել Գերմանոայում ապրող վաթսուն հազարանոց հայ համայնքի պահանջը:

Մենք կո՛չ ենք անում Դաշնային կառավարությանը եւ Բունդեսթագին անկեղծորեն ճանաչել հայերի նկատմամբ կատարված ցեղասպանությունը:

Մենք կո՛չ ենք անում Դաշնային Կառավարությանը եւ Բունդեսթագին Թուրքիայից բացահայտ պահանջել, որ նա Օսմանյան կայսրության՝ հայ բնակչության նկատմաբ կատարված ցեղասոպանությունը որպես պատմական փաստ ճանաչի եւ իրերն իրենց անուններով կոչի”,-ասվում է Եվրոպայի հայերի համագումարի բաց նամակում: