24 ապրիլի 2010 - 14:32 AMT
Արամ Սաֆարյան.Միջազգային հանրությունն այսօր, ինչպես երբեք, հակված է Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Այսօր պարզ է դարձել, որ անհնար է Հայաստանից Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում միակողմանի զիջումներ պահանջել միայն հայ-թուրքական գործընթացը տեղաշարժելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է “Բարգավաճ Հայաստանի” խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքերով, այսօր հայկական հասարակական-քաղաքական դաշտում համաձայնություն է տիրում նրա շուրջ, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը բխում է Հայաստանի ազգային շահերից և հայ ժողովրդի անվտանգությունից: “Այս գործընթացը պետք է շարունակվի անկախ ամեն ինչից: Միջազգային հանրությունն այսօր, ինչպես երբեք, հակված է նրան, որ ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մենք ազդանշանի ենք սպասելու թուրքական կողմից Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին: Եթե Թուրքիան պատրաստ է, ապա մենք անպայման կտեսնենք այդ ազդանշանները”,- ասել է նա: