ՌԴ ԱԳՆ. Հայաստանի և Թուրքիայի միջև մեկ տարի առաջ սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարը պահպանվում է

ՌԴ ԱԳՆ. Հայաստանի և Թուրքիայի միջև մեկ տարի առաջ սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարը պահպանվում է

PanARMENIAN.Net - Հայաստանին և Թուրքիային այս փուլում չհաջողվեց հասնել այնպիսի արդյունքի, որը թույլ կտար վերականգնել երկու հարևան երկրների միջև հարաբերությունները, և դրանով հանդերձ առողջացնել աշխարհաքաղաքական մթնոլորտն Անդրկովկասում, նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում կայունությունն ամրապնդելու համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: Նա հիշեցրել է, որ ապրիլի 22-ին հեռուստատեսային ուղերձի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ամփոփել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման տևական բանակցությունների անմխիթար արդյունքը և հայտարարել, որ իրավիճակը փակուղի է մտել: “Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը միայն կասեցնում է Արձանագրությունների վավերացումը, բայց ետ չի վերցնում իր ստորագրությունը: Այսպիսով Հայաստանի և Թուրքիայի միջև մեկ տարի առաջ սկսված հարաբերությունների կարգավորման հեռանկարը պահպանվում է: Հույս ենք հայտնում, որ երկու երկրներին կհաջողվի հաղթահարել այժմյան բարդ իրավիճակը և պայմաններ ստեղծել հարաբերությունների լայնածավալ կարգավորման համար, որում շահագրգռված են տարածաշրջանի բոլոր պետությունները”,- ասել է ռուս դիվանագետը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին: ՀՀ նախագահը հրամանագրով հանձնարարվել է ՀՀ ԱԳ նախարարին տեղեկացնել թուրքական կողմին Արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---