Ռուբեն Սաֆրաստյան. ԱՄՆ-ն դեռևս հետաքրքրված է Թուրքիայով

Ռուբեն Սաֆրաստյան. ԱՄՆ-ն դեռևս հետաքրքրված է Թուրքիայով

PanARMENIAN.Net - Բարաք Օբամայի ուղերձը ԱՄՆ հայ համայնքին խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ն դեռևս հետաքրքրված է Թուրքիայով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, ԱՄՆ-ն չհաստատեց ժողովրդավարության հենակետի` իր իմիջը: "Բարաք Օբաման հերթական անգամ գործարք կնքեց իր խղճի հետ, ուստի արժանի է բարոյական դատապարտման",- ընդգծեց Սաֆրաստյանը:

Նա նշեց նաև, որ այս տարի վարչակազմն առանձնապես չի ճնշելու Կոնգրեսին Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման գործում: "Ճնշում կլինի, բայց ոչ այնպիսին, ինչպիսին նախորդ տարիներին էր: Պարզապես այն կոնգրեսականները, որոնք օժանդակում են Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, պետք է ավելի հաստատուն լինեն իրենց որոշման հարցում",- ընդգծեց Արևելագիտության ինստիտուտի տնօրենը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավանդական ուղերձով դիմեց ԱՄՆ հայ համայնքին, որում, ինչպես և անցյալ տարի, կիրառեց "Մեծ Եղեռն" տերմինը` խոսելով Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության մասին:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---