ACA-ն ու ԱՄՆ հայ համայնքը հիասթափված են Բարաք Օբամայի ուղերձից

ACA-ն ու ԱՄՆ հայ համայնքը հիասթափված են Բարաք Օբամայի ուղերձից

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական խորհուրդն (ACA) ու հայ համայնքը հիասթափված են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձից, ասվում է Ամերիկայի հայ համայնքին ուղղված ամենամյա ուղերձի մասին ACA հայտարարության մեջ: "Օբաման առաջ անցավ նախորդ նախագահներից` մշտապես հայտարարելով, որ "չի փոխել իր կարծիքը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ": Սակայն ԱՄՆ նախագահը հերթական անգամ հրաժարվեց 95 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրագործված իրադարձությունները "Ցեղասպանություն" որակելու մասին իր խոստումից: Լինելով սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման խոստացավ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն նախագահ Օբաման խուսափում է իր պարտավորություններից և չի օգտագործում "ցեղասպանություն" բառը: Նա պատմական իրողությունը բնութագրում է, որպես "20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններ" և "1915 թվի ահավոր իրադարձություններ",- ասվում է հայտարարության մեջ:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` ACA-ն գտնում է, որ ԱՄՆ նախագահն ու իր խորհրդականները պետք է հասկանան, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվի, մինչև Անկարան չճանաչի Հայոց ցեղասպանությունը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավանդական ուղերձով դիմեց ԱՄՆ հայ համայնքին, որում, ինչպես և անցյալ տարի, կիրառեց "Մեծ Եղեռն" տերմինը` խոսելով Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության մասին:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---