26 ապրիլի 2010 - 11:52 AMT
Եգիպտոսում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի հիշատակի և ոգեկոչման արարողությունների մեկնարկը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տրվեց ապրիլի 24-ի առավոտյան: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ, որին հաջորդեց ծաղկեպսակների զետեղումը եկեղեցու բակում տեղադրված Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարին:

Երեկոյան Հելիոպոլսի Պըլըքտանյան հանդիսասրահում տեղի ունեցավ հուշահանդես` կազմակերպված եգիպտահայ համայնքի բոլոր միությունների համատեղ ջանքերով: Բացման խոսքով հանդես եկավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Ա.Մելքոնյանը, որն իր ելույթում մասնավորապես անդրադարձ կատարեց Հայաստանի որդեգրած դիրքորոշմանը հայ-թուրքական կարգավորման գործընթացի շուրջ:

Հուշ-երեկոյի ժամանակ եգիպտահայ գաղութի երգչախմբերը կատարեցին հայրենասիրական խմբերգեր: Երեկոն եզրափակվեց “Հայոց ցեղասպանություն” անգլերեն լեզվով փաստագրական ֆիլմի ցուցադրությամբ:

Նախօրեին լույս է տեսել Կահիրեում ՀՀ դեսպանության “Ալ-Ախբար Արմենիա” արաբալեզու պարբերականը, որտեղ եգիպտացի ընթերցողին են ներկայացվել բացատրական մանրամասներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` մարտի 24-ի Դեր Զորի ելույթի արաբերեն թարգմանությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: