26 ապրիլի 2010 - 15:06 AMT
Հայոց ցեղասպանության hուշահամալիրի անմար կրակի մոտ դրված ծաղիկները երկրորդ կյանք կստանան

Ապրիլի 27-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը խորհրդանշական միջոցառմամբ կամփոփի Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ և ջանքերով առաջին անգամ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի շուրջ դրված ծաղիկները նորից «կյանք» կառնեն. Արևորդի էկո-ակումբների սաների, կամավորների, հիմնադրամի աշխատակիցների, միջոցառմանը մասնակից մի շարք կազմակերպությունների և անհատների միջոցով ցողունները նախ ծաղկից խնամքով կառանձնացվեն` հետագայում Ցեղասպանության հուշահամալիրի այգու համար պարարտանյութ դառնալու նպատակով, իսկ ծաղկի թերթերը հատուկ պայմաններում կչորացվեն` հետագայում դառնալով վերամշակված թուղթ, որը կվերածվի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շնորհակալագրերի ու հուշաթերթիկների: