29 ապրիլի 2010 - 10:49 AMT
Սերժ Սարգսյանը կմասնակցի ՙՇանհայ-Էքսպո-2010՚ համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը

Չինաստանի նախագահ Հու Ձինթաոյի հրավերով նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 29-ին մեկնել է Չինաստան` մասնակցելու ՙՇանհայ-Էքսպո-2010՚ համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը:

ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարները, պաշտոնատար այլ անձինք:

Այցի ընթացքում ՀՀ նախագահն առանձնազրույց կունենա ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոյի հետ: Հայաստանի ղեկավարը ներկա կգտնվի ՙՇանհայ-Էքսպո-2010՚ համաշխարհային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: ՙՇանհայ-Էքսպո-2010՚-ը տեղի է ունենում հնգամյա պարբերականությամբ: Նախագահ Սարգսյանը Հայաստանի տաղավարից զատ կայցելի նաեւ ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի տաղավարներ:

ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը կլինի նաեւ Ձզյանսի նահանգի Սուժոու քաղաքում, որտեղ կայցելի Սուժոուի գիտության, մշակույթի եւ արվեստի կենտրոն, նաեւ` գիտության եւ կրթության ինովացիոն կենտրոն, կլինի HIGER ավտոբուսների գործարանում:

Նախագահ Սարգսյանը Շանսի նահանգի Դաթուն քաղաքում ներկա կգտնվի հայ-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկի` քլորոպրենային կաուչուկի արտադրության ՙՇանսի-Նաիրիտ՚ համատեղ ձեռնարկության բացման արարողությանը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: