30 ապրիլի 2010 - 19:40 AMT
Մայիսի 10-ին կներկայացվեն Հարավային Կովկասի երկրների հետ ԵՄ ընկերակցային համաձայնագրերի հրահանգները

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ ԵՄ ընկերակցության մասին համաձայնագրերի վերաբերյալ բանակցությունների հրահանգները պետք է ներկայացվեն մայիսի 10-ին` ԵՄ արտաքին գործերի գծով խորհրդում պաշտոնապես ընդունելու համար: Այս մասին ասել է եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` ելույթ ունենալով Բրյուսելում: Նրա խոսքերի համաձայն, դա թույլ կտա ԵՄ-ին բանակցություններ սկսելու համար ուղի հարթել:

“Այս համաձայնագրերը Հարավային Կովկասում և ԵՄ-ում գործընկերների միջև կստեղծեն նեղ քաղաքական ընկերակցություն` համընդհանուր արժեքների և սկզբունքների վրա հիմնված”, - ասել է Ֆյուլեն:

Եվրահանձնակատարի խոսքերի համաձայն, համաձայնագրերի միջոցով նախատեսվում է ստեղծել ազատ առևտրի գոտի:

“Իմ ուղերձը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարներին` վերաբերում է այն բանին, որ ներքին բարեփոխումների և ժողովրդավարության ամրապնդման ու իրավական նորմերի պատասխանատվությունը կրում են այդ երկրների կառավարություններն ու քաղաքական գործիչները: Եվրահանձնաժողովը կապահովի տեխնիկական և ֆինանսական օգնություն, որպեսզի գործընկերներին օգնի հասնելու իրենց նպատակներին…”, - ասել է Շտեֆան Ֆյուլեն: