2 մայիսի 2010 - 16:52 AMT
Հրեան կոչ է անում “Մերեց” կուսակցությանը` դադարեցնել Հայոց ցեղասպանության հարցի առաջ քաշումը Քնեսեթում

Հրեական ծագում ունեցող ամերիկացի փաստաբան Մարկ Մեյրովիցը նամակ է ուղարկել “Մերեց” կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Հաիմ Օրոնին, որում կոչ է անում նրան Իսրայելի Քնեսեթում առաջ չքաշել Հայոց ցեղասպանության մասին կուսակցության ներկայացրած բանաձևը:

“Ես կարծում եմ, որ այդ քայլը սխալ կլինի և բարդություններ կառաջացնի Իսրայելի համար: Ուզում եմ նշել, որ իմ ծնողները եղել են Աուշվիցում, և այդ հարցն ինձ համար մեծ նշանակություն ունի”, - ասվում է նրա նամակում:

Փաստաբանի կարծիքով, Քսենեթում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը վնաս կհասցնի նաև հրեա-թուրքական հարաբերություններին: Բացի այդ, նա նշում է, որ Իսրայելը պարտավոր չէ փաստաբանի դեր ստանձնելու, որպեսզի որոշի, թե ինչն է ցեղասպանություն համարվում, ինչը` ոչ:

“Ես հավատում եմ, որ Հոլոքոսթը միակ ցեղասպանությունն է եղել պատմության մեջ: Մյուս բոլոր գազանությունների շուրջ քննարկումները, այդ թվում նաև հայերի հետ կատարվածի մասին, պետք է իրականացնեն պատմաբանները: Այն, ինչ հայերի հետ կատարվել է մոտ 100 տարի առաջ, պետք է վերանայվի պատմական ենթահանձնաժողովում քննարկումների շրջանակում, որի ստեղծումն արդեն նախատեսված է հայ-թուրքական արձանագրություններում”, - նշված է նամակում:

Մարկ Մեյրովիցը ընդգծել է նաև, որ Մերձավոր Արևելքում կատարվող գործընթացների ֆոնի վրա, Իսրայելը իր դիվանագիտությունը պետք է ուղղի այն բանին, որ Թուրքերի հետ հարաբերությունները լավացնի, այլ ոչ հակառակը:

Նրա խոսքերի համաձայն, եթե Հայոց ցեղասպանության հարցը առաջ քաշվի Քնեսեթում, ապա այն լուրջ ճգնաժամ կառաջացնի թուրք-իսրայելական հարաբերություններում;

Մեյրովեցը նշում է, որ Քնեսեթը համաժողով չէ, որտեղ կարելի է որոշում ընդունել պատմական իրադարձությունների մասին: Այս մասին գրում է turkishny.com-ը: