2 մայիսի 2010 - 17:00 AMT
Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանում մայիսի 2-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստան կատարած այցի շրջանակում մայիսի 2-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյի հետ:

ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Հու Ձինթաոյին` “Շանհայ Էքսպո 2010”-ի բացման արարողությանը ներկա գտնվելու հրավերի համար և շնորհավորել ցուցահանդեսի հաջող մեկնարկի առթիվ:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է և նշել, որ երկկողմ կապերն արդեն իսկ ընդլայնման լավ դինամիկա ունեն: ՀՀ նախագահն ընդգծել է, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային ու կրթական բնագավառում աշխույժ համագործակցությունը, բազմակողմ ձևաչափերում փոխադաձ աջակցությունը նպաստում են Հայաստանի ու Չինաստանի միջև փոխըմբռնմանն ու վստահությանը:

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության և տեխնիկայի, պաշտպանության, մշակույթի ու կրթության բնագավառներրում բազմաթիվ համատեղ նախագծեր իրականացվել են մեծ հաջողությամբ: Սերժ Սարգսյանն ու Հու Ձինթաոն հայ-չինական համագործակցության մինչ այժմ կուտակած մեծ փորձը լավ հիմք են համարել` որակական նոր աստիճանի բարձրացնելու երկկողմ հարաբերությունները:

Նախագահները քննարկել են Հայաստան-Իրան երկաթուղու կառուցմանը Չինաստանի մասնակցության հարցերը: Կողմերն ընդգծել են, որ ՉԺՀ Շանսի նահանգում հայ-չինական “Շանսի-Նաիրիտ” համատեղ ձեռնարկության գործարկումը երկկողմ կապերի զարգացման կարևոր վկայությունն է: Հայաստանի եւ Չինաստանի նախագահները վստահեցրել են, որ պատրաստ են լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-չինական բարեկամական հարաբերություններն ընդլայնելու գործում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: