3 մայիսի 2010 - 13:18 AMT
Ծաղկաձորում քննարկվել են զբոսաշրջության զարգացման հեռանկարները

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր աշխատանքային այցով եղավ Ծաղկաձորում, ծանոթացավ քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, այցելեց արդեն ավարտական փուլում գտնվող “Ռոսիա” հյուրանոցային համալիր:

Ծաղկաձորի քաղաքապետարանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատուների մասնակացությամբ կայացած խորհրդակցությանը քննարկվեցին Հայաստանի զբոսաշրջային հիմնական կենտրոնների` Ծաղկաձորի, Ջերմուկի, Դիլիջանի զարգացման հեռանկարները: Մասնավորապես նշվեց, որ այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է զբոսաշրջիկների թվի 9,4 տոկոս աճ: Իսկ Ծաղկաձորում ձմռան ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճը կազմել է 51 տոկոս: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին զբոսաշրջային ծառայությունների որակի բարձրացման, ենթակառուցվածքների բարելավման խնդիրները, կարևորվեց ճանապարհային նշանների և ցուցանակների տեղադրումը: Փոխվարչապետին ներկայացվեցին ոլորտի զարգացմանն ուղղված` ընթացիկ տարում իրականացվելիք ծրագրերը, անդրադարձ եղավ հյուրանոցային գների տարբերակված կիրառման պարագայում նաև հարկային ռեժիմի օպտիմալացման խնդրին:

Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը տեղեկություններ հաղորդեց քաղաքում մասնավոր ներդրումների հաշվին իրականացվող կառուցապատման աշխատանքների մասին: