3 մայիսի 2010 - 17:30 AMT
Թուրքիայի համար նշանակություն չունի, թե որ սահմանն առաջինը կբացվի` հայ-թուրքական թե հայ-ադրբեջանական

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունն այն մասին, որ Անկարայի համար անբավարար է հայ-թուրքական սահմանի բացումը, վկայում է այն մասին, որ երկիրը ցանկանում է ղեկավարել տարածաշրջանում ընթացող գործընթացները: Այդ մասին Երևանում թուրքագետ Արտակ Շաքարյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Ըստ նրա, Թուրքիան անընդհատ ցանկանում է գործընթացի մեջ լինել, այսինքն ներգրավված լինել տարածաշրջանային գործընթացներում և ղեկավարել դրանք:

Իր հերթին Շաքարյանը նշել է, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը նորություն չէ և այն նախորդ հայտարարությունների վերաձևակերպումն է: “Թուրքիայի տեսակետից առանց հայ-ադրբեջանական սահմանի բացման, հայ-թուրքական սահմանի բացումն անիմաստ է”,-ասել է հայ փորձագետը` հավելելով, որ Թուրքիայի համար նշանակություն չունի, թե որ սահմանն առաջինը կբացվի` հայ-թուրքական թե հայ-ադրբեջանական, կարևոր է, որ գործընթացները զուգահեռ ընթանան և ավարտվեն մոտավորապես միաժամանակ: “Քանի դեռ Անկարան չի փոխել իր դիրքորոշումը և չի լուծվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների հարցը, հայ-թուրքական հարաբերությունները բարձր մակարդակի չեն հասնի”,-ասել է Արտակ Շաքարյանը: